Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/243

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կատարում է մեկ տարում: Այդ ժամանակամիջոցում նրա մակերևույթի մեկ այս մասն է դարձած լինում դեպի Արեգակը, մեկ` մյուս: Երբ երկնքում Արեգակը շատ բարձր դիրքում է լինում, և նրա ճառագայթներն էլ ուղղաձիգ են ընկնում, այն ավելի ուժեղ է տաքացնում, և երկրի վրա տաք է լինում: Իսկ երբ Արեգակն այնքան էլ բարձր չէ, և նրա ճառագայթներն էլ, ասես, սահում են Երկրի մակերևույթի վրայով, ցուրտ է լինում:

Ձմռանը փոխարինում է գարունը, գարնանը` ամառը: Գալիս է հունիսի 22-ը` ամառային արևադարձի օրը, և սկսվում է թեժ ու շոգ ամառը, երբ զովանալու համար ուզում ես լողալ գետում կամ լճում: Իսկ առջևում ինչ-որ տեղ արդեն աշնան շունչ է զգացվում... Օրերը կարճանում են, գիշերները` երկարում, և ահա ոսկեգույն հանդերձներով փայլփլում է աշնանային անտառը. հետո ծառերը կմերկանան, կպարուրվեն տրտմությամբ ու վհատությամբ: Բնությունը ձյանն է սպասում: Տարվա եղանակների շրջապտույտն ավարտվեց:

Բայց երկրագնդի վրա ամենուրեք չէ, որ այդչափ նկատելի են տարվա եղանակների տարբերությունները: Հյուսիսային և Հարավային բևեռների շրջակայքում կլոր տարին ցուրտ է, այդտեղ Արեգակի ճառագայթները միշտ, ասես, սահում են երկրի մակերևույթի վրայով ու թույլ են տաքացնում: Իսկ հասարակածի երկու կողմերում, արևադարձային գոտիներում, տարվա բոլոր եղանակներին շոգ է: Արեգակն այնտեղ միշտ բարձր է, նրա ջերմություն ամենից շատ Երկրի այդ շրջանն է ստանում:

Տափաստան

Տափաստանում, որ կողմն էլ նայես ամենուրեք խոտ է ու խոտ: Խոնավության պակասի պատճառով այնտեղ ծառեր չեն աճում: Դրանք հանդիպում են միայն գետերի ափերին:

Խոտերը տարբեր կերպ են հարմարվել չորային կլիմային: Վաղ գարնանը, հենց հալվում է ձյունը, հայտնվում են առաջին բույսերը՝ էֆեմերները (հունարեն «էֆեմերոս»՝ «մեկօրյա» բառից): Դրանք ընդամենը 10-20 սմ բարձրություն ունեցող կարճ, մինչև 10 սմ երկարության արմատներով փոքր բույսեր են: Մեկ ամսում էֆեմերները հասցնում են աճել, ծաղկել, սերմեր տալ և թառամել: Ուստի երկար արմատների կարիք չունեն: Գարնան առաջին ամսում հողը դեռևս բավականաչափ խոնավ է լինում:

Էֆեմերներին փոխարինելու են գալիս քնախոտը, հակինթը, կուժկոտրուկը, որոնք չափազանց վառ ու գունագեղ ծաղիկներ ունեն:

Հարավային տափաստաններում աճում են օշինդրը, շյուղախոտը, փետրախոտը: Երբ փետրախոտը հասկակալում է ու քամուց ծփում, թվում է, տափաստանով արծաթե ալիքներ են վազում: Կեսօրին զգացվում է օշինդրի դառնահամ բուրմունքը: Ամռան վերջին—աշնան սկզբին տափաստանը գրեթե ամբողջովին խանձվում է: Այդ ժամանակ կարելի է տեսնել դաշտագլոր կոչվող գնդաձև բույսերը: Աշնանը նրանց ցողունները հիմքից կոտրվում են, և քամին տափաստանով մեկ քշում է դրանց թեթև, համարյա թափանցիկ գնդերը: Այդպես դաշտագլորը տարածում է իր սերմերը:

Տափաստանների հողերը շատ բերրի են, այդ պատճառով էլ հերկվում են ու դառնում ցանքատարածություններ: Այժմ կուսական տափաստաններ գրեթե չկան: Դրանք պահպանվել են գլխավորապես արգելանոցներում, օրինակ, Ուկրաինայում գտնվող Ասկանիա Նովայում: Այնտեղ կարելի