Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/251

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

35 տարի, բայց քնքուշ ու նուրբ, տխրությամբ ու ջերմացնող սիրով լի նրա երգերն ապրում են մեզ հետ:

Երևանի Տերյան փողոցի այն հատվածում, ուր փողոցը հատում է Օղակաձև զբոսայգին, կանգնեցվելու է բանաստեղծի կիսանդրին:

Տիգրանյան Արմեն Տիգրանի

(1879 — 1950)

Շիրակը Հայաստանի հնագույն շրջաններից մեկը վաղուց հռչակված է երաժշտական հարուստ ավանդույթներով: Երգ - երաժշտությամբ հագեցած նրա կենտրոնում էլ՝ Ալեքսանդրապոլում (այժմ՝ Լենինական), ծնվել է կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանը, որին վիճակված էր մի նոր էջ գրելու հայկական օպերային արվեստի պատմության մեջ։

Փոքրիկ Արմենը մեծանում էր արվեստասեր ընտանիքում։ Նրա հայրը, որ հմուտ ժամագործ էր, լավ կրթություն էր ստացել, ձեռք բերել բազմակողմանի գիտելիքներ։ Մայրը հիանալի երգում էր ժողովրդական երգեր, բանաստեղծություններ էր գրում։ Տիգրանյանների տանը հաճախ հյուրընկալվում էին գրողներ, բանաստեղծներ, երաժիշտներ, կազմակերպվում գրական–երաժշտական երեկոներ... Տղանֆլեյտայով վարժ նվագում էր ժողովրդական ու գուսանական մեղեդիներ, մասնակցում իր դպրոցի փողային նվագախմբի ելույթներին և երազում դառնալ իսկական երաժիշտ։

Երբ լրացավ նրա 14 տարին, Տիգրանյանների ընտանիքը տեղափոխվեց Թիֆլիս (Թբիլիսի), ուր պատանի Արմենն սկսեց հաճախել երաժշտական ուսումնարան՝ միաժամանակ կոմպոզիցիայի դասեր առնելով նշանավոր կոմպոզիտոր Մակար Եկմալյանից։ Թիֆլիսում Տիգրանյանը մեծ սիրով հաճախում էր օպերային թատրոն՝ բաց չթողնելով ոչ մի ներկայացում։ Ու թերևս այդ տարիներին էլ նա հղացավ հայկական օպերա գրելու միտքը։

Ավարտելով ուսումնարանը՝ Արմեն Տիգրանյանը վերադարձավ հայրենի քաղաքը՝ Ալեքսանդրապոլ։ Այստեղ նա կազմակերպեց դպրոցական, ինչպես նաև ժողովրդական երգչախմբեր, համերգներով շրջագայեց մի շարք քաղաքներում, երգ–երաժշտություն դասավանդեց հայկական դպրոցներում։ Սակայն նրա կյանքի հիմնական գործը ստեղծագործելն էր։ Նա հայկական ժողովրդական երգեր էր մշակում, դրանց ոճով երգեր ու ռոմանսներ հորինում։

29 տարեկան էր Տիգրանյանը, երբ սկսեց գրել իր անդրանիկ՝ «Անուշ» օպերան՝ Հ. Թումանյանի համանուն պոեմի հիման վրա։ Չորս տարի անց օպերան պատրաստ էր։ Եվ ահա 1912 թ. առաջին անգամ Ալեքսանդրապոլում ներկայացվեց «Անուշը»։ Ներկայացման գրեթե բոլոր մասնակիցներն աշակերտներ էին՝ Տիգրանյանի ղեկավարած սիրողական խմբակի անդամները։ Նվագախումբը բաղկացած էր ընդամենը 12 հոգուց։ Շատ համեստ էին դերակատարների զգեստներն ու դեկորները։ Սակայն կարևորը դա չէր։ Բեմից հնչում էին հիասքանչ մեղեդիներ, որոնք հարազատ էին թումանյանական հերոսների կերպարներին։ Մեծ բեմահարթակից օպերան հնչեց տարիներ անց միայն՝ 1919 թ. Թիֆլիսում, Հ. Թումանյանի ծննդյան 50֊ամյակի հոբելյանի տոնակատարության օրերին։ Օպերայի հռչակն օրեցօր աճում էր։ Ունկընդիրներին այն գերում էր հարուստ, հոգեթով մեղեդիներով, հիանալի խմբերգերով, ժողովրդական տոներն ու ծեսերը վերարտադրող վառ ու գունեղ տեսարաններով, քնարական երգերով ու զուգերգերով։ «Անուշ» օպերան դարձավ հայկական