Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ոգով ուժեղ, ցարական իշխանությանն անհնազանդ ժողովրդի ներկայացուցիչների դուք կտեսնեք ռուսական պատմության դրվագներին նվիրված կտավներում, որոնցից շատերի հեղինակը նկարիչ Սուրիկովն է:

Լևիտանի և Շիշկինի կտավները ձեր առջև կբացեն ռուսական բնանկարի պարզ հմայքը:

Պերեդվիժնիկների նկարները տոգորված են հայրենիքի սիրով, հասարակ ժողովրդի ուժի ու տաղանդի հավատով: Պերեդվիժնիկները հսկայական դեր խաղացին ռուսական արվեստի զարգացման գործում, սկզբնավորեցին նրա նոր` քաղաքացիական, ժողովրդի սրտին մոտ ուղղությունը:

Պիես

Այսպես են անվանում թատրոնի համար նախատեսված դրամատիկական ցանկացած ստեղծագործություն՝ ողբերգությունը, դրաման, կատակերգությունը, վոդևիլը: Եթե ուզում են ներկայացում բեմադրել ըստ վեպի կամ վիպակի, ապա դրանք նախ բեմադրում են, այսինքն դարձնում են պիես:

Եթե սկսեք որևէ պիես կարդալ, ձեզ կթվա, թե վեպից կամ վիպակից պիեսը տարբերվում է նրանով, որ այնտեղ ոչ մի նկարագրություն չկա, այլ լոկ զրույցներ են: Կարող է նույնիսկ թվալ, թե յուրաքանչյուր պիեսի բովանդակություն միշտ հանգում է նրան, որ հերոսները հանդիպում են ու սկսում զրուցել, այսինքն՝ երկխոսություն է սկսվում:

Սա պիեսի ամենաակնհայտ, անմիջապես աջքի զարնող առանձնահատկությունն է, բայց ոչ ամենագլխավորը:

Իր հերոսի այս կամ այն գործողության մասին հայտնելիս պիեսի հեղինակը երբեք բայի անցյալ ժամանակը չի օգտագործում: Նրա մասին երբեք չի ասի «Ներս մտավ», «Կանգնեց», «Նստեց»: Նա անպայման այսպես կգրի, «Ներս է մտնում», «Կանգնում է», «Նստում է»: Պատճառն այն է, որ վեպում կամ վիպակում գլխավորը եղելության նկարագրությունն է, պատմությունը նրա մասին: Պիեսոում եղելության մասին մեզ ոչ ոք չի պատմում: Այն, կարծես տեղի է ունենում մեր աչքի առջև: