Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/263

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մենք այն ետ կնվաճեինք», — բացականչում էին նրա աշակերտները:

Նապոլեոնի զորքերը ջախջախած ռուս ժողովրդի դյուցազնական սխրանքի մասին Տոլստոյը ստեղծեց իր ամենամեծ ստեղծագործությունը` «Պատերազմ և խաղաղություն» վեպը: Գրողն այն գրեց վեց տարում, 1863—1869 թվականներին: Իր վեպով նա հավաստում էր, որ թշնամու ներխուժման դեմ մղած իր արդարացի պայքարում ռուս ժողովուրդը հանդես եկավ իբրև միասնական մի ուժ` ընդունակ վճռելու հայրենի հողի ճակատագիրը:

Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպն ու այլ ստեղծագործություններ թարգմանվեցին աշխարհի շատ լեզուներով: Հանճարեղ գրողի փառքն է՛լ ավելի տարածեցին «Աննա Կարենինա» և «Հարություն» վեպերը: Ամբողջ Ռուսաստանը նորից էր կարդում նրա հրաշալի «Հաջի Մուրադ», «Կազակներ» վիպակները, «Կենդանի դիակ» և «Լուսավորության պտուղները» դրամաները:

Ցարական կարգերը, երեսպաշտությունը, ցարական չինովնիկների ծախվածությունը դատապարտող նրա ցասկոտ խոսքերը հնչում էին ողջ երկրով, ողջ աշխարհով մեկ: Գրողը մեղադրում էր ցարիզմը այն բանում, որ նա է աշխատավոր ժողովրդի իրավազրկության ու անգրագիտության, աղքատ ու ճնշված վիճակի մեղավորը:

Իր ստեղծագործություններում Տոլստոյը խոսում էր այն մասին, որ մարդ կարող է կոչվել միայն նա, ով աշխատում է, ով բարիք է գործում ուրիշ մարդկանց, ով ազնվորեն է կատարում իր պարտքը: Ուրիշի աշխատանքով ապրելն ամոթաբեր է մարդու համար, վայել չէ մարդկային արժանապատվությանը: Ցարական իշխանություններն արգելում էին նրա որոշ ստեղծագործությունների տպագրությունը: Ցարական ոստիկանները փակեցին Յասնայա Պոլյանայի դպրոցը: «Հարություն» վեպի համար եկեղեցին բանադրեց գրողին:

Վ. Ի. Լենինը բարձր է գնահատել Տոլստոյի երկերը: Գրողի ստեղծագործությունը նա համարել է ցնցող մեղադրանք ցարական Ռուսաստանի դեմ:

Սեփականատերերի, աղաների ու շահագործողների աշխարհն ատելի էր մեծ գրողին: Նա ինքն ապրում էր համեստ, ջանում ինքը սպասարկել իրեն, կարող էր և գյուղացու աշխատանք անել. գիտեր խոտ հնձել, հող վարել: Տոլստոյն աշխատում էր ամեն օր, նա մեծ մշակ էր: Նրա ստեղծագործությունների լիակատար ժողովածուն 90 հատոր է կազմում:

82 տարեկան հասակում Տոլստոյը հեռացավ տնից, որ նոր կյանք սկսի: «Ես չեմ կարող այլևս ճոխության մեջ ապրել», — գրեց նա հարազատներին: Ճանապարհին Տոլստոյը մրսեց ու հիվանդացավ: 1910 թ. նոյեմբերի 7–ին Աստապովո երկաթուղային կայարանի պետի տանը Լև Նիկոլանիչը վախճանվեց:

Լ. Ն. Տոլստոյը թաղված է Յասնայա Պոլյանում, անտառում, խոր ձորակի փեշին, ուր մի ժամանակ եղբայրների հետ փնտրում էր այն «կանաչ փայտիկը», որի վրա գրված է, թե ինչպես կարելի է բարի ու երջանիկ դարձնել աշխարհի բոլոր մարդկանց: Մեր երկրի և ողջ աշխարհի ծայրերից հազարավոր մարդիկ են գալիս այստեղ` հարգելու մեծ գրողի հիշատակը:

Ինչպես աշխարհի գրեթե բոլոր ժողովուրդները