Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/265

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Անգեղ, վաղուց վերացած երկու ժողովուրդների` շումերների և աքքադացիների Ներգալ աստծու անվան հայերեն համարժեքն է: Հավանաբար, Տարքու և Անգեղ աստվածները պաշտվել են Հայաստանի միևնույն` Անգեղ գավառում, որի կուսակալն էր Տորք Անգեղը (ըստ Մովսես Խորենացու): Այդ երկու աստվածները միաձուլվել են մի հերոսի մեջ և դարձել Տորք Անգեղյա, հետո էլ` Տորք Անգեղ: Ուրեմն, Անգեղյա նշանակում է Անգեղի սերունդ, Անգեղյան, այլ ոչ թե տգեղ, ինչպես բացատրել էր ժողովուրդը Մովսես Խորենացու ժամանակներում:

Տորք Անգեղի առասպելի հիման վրա Ղ. Աղայանը գրել է «Տորք Անգեղ և Հայկանուշ Գեղեցիկ» պոեմը, որի շնորհիվ Տորքի անունն էլ ավելի տարածվեց հայ ժողովրդի մեջ և վերածվեց հասարակ անվան: Հաճախ շատ ուժեղ ու մարմնեղ մարդուն բարի կատակով անվանում ենք Տորք կամ Տորք Անգեղ:

Տպագրություն

Առաջին տպագիր գրքերը եղել են փայտափորագիր: Դրանք պատրաստվում էին այսպես. փայտե տախտակի հարթ մակերևույթին գրում էին բնագրի հայելային (թարս) պատկերը: Վարպետը սուր դանակով զգուշորեն փորում—հանում էր տառագծերի միջև եղած փայտը: Ստացվում էր բնագրի գցուն, ուռուցիկ պատկերը։ Դրա վրա ներկ էին քսում, վրան դնում մագաղաթ կամ թուղթ ու սեղմում, և ներկը փայտից փոխանցվում էր թերթերի վրա։ Նույն կերպ էին վարվում նաև պատկերափորագրության ժամանակ (այդ մասին դուք կարող եք կարդալ «Գծանկարչություն» զրույցում)։ Հնագույն տպագիր գիրքը համարվում է տասներկու տախտակից արտատպված այն գիրքը, որն ստեղծվել է Կորեայում, 704 և 751 թվականների միջև ընկած ժամանակահատվածում։

Հեշտ չէին ստեղծվում այդ գրքերը. չէ՞ որ հարկավոր էր փայտի վրա փորագրել տասնյակ հազարավոր տառեր։ Այդ պատճառով էլ մարդկանց շատ սերունդներ ձգտում էին ստեղծել այնպիսի տպաձև, որը կազմված լիներ առանձին տառերից։ Դա հաջողվեց Յոհան Գուտենբերգին։

Եվրոպական տպագրության գյուտարար Յոհան Գուտենբերգի կյանքի մասին շատ քիչ բան է հայտնի։ Գիտենք, որ նա ծնվել է Գերմանիայի Մայնց քաղաքում, վարպետ է եղել Ստրասբուրգ քաղաքում։ Գուտենբերգն իր գյուտն արել է խիստ գաղտնի։ 1444 թ․ վերադառնալով Մայնց՝ նա սկսեց գրքեր տպագրել, սկզբում՝ ոչ կատարյալ։ Որոշելով մեծածավալ գիրք տպագրել՝ նա այդ նպատակով մի հարուստ քաղաքացուց պարտքով դրամ վերցրեց։ Բայց չկարողացավ ժամանակին պարտքը վերադարձնել, ու նրա ողջ ունեցվածքը, այդ թվում և տպագրած առաջին մեծածավալ գիրքը հարուստի ձեռքն անցավ։ Գուտենբերգն այդ հարվածից չկարողացավ ուշքի գալ և մի քանի տարի անց 1468 թ․, մահացավ։

Ի՞նչ հայտնագործեց Գուտենբերգը։

Գուտենբերգը սովորական ձիթհան մամլիչը վերածեց տպագրական հաստոցի և հարմարեցրեց տպագրության համար։ Բայց գլխավորն այն էր, որ նա հայտնագործեց այնպիսի տպաձև, որը հնարավորություն էր տալիս ստանալու բնագրի՝ ցանկացած քանակության տպագրված օրինակներ (տպածոներ)։ Այդ տպաձևերը բաղկացած էին առանձին–առանձին տառամարմիններից, որոնք հեշտությամբ կարելի էր փոխարինել ուրիշներով։ Տառամարմինը մետաղե փոքրիկ չորսու է, որի մի ծայրին տառի ուռուցիկ, ցցուն պատկերն է։ Տպագրության ընթացքում տառի պատկերը ներկվում է և արտատպվում թղթին։ Դա Գուտենբերգի ամենագլխավոր հայտնագործությունն էր։

Այսպիսով, Գուտենբերգի ծառայությունը գրքեր բազմացնելու տպագրական եղանակի մշակումն է։

Գյուտն արագորեն տարածվեց աշխարհում։ 15–րդ դարի վերջին արդեն գրքեր էին տպագրվում Եվրոպայի տասնյակ քաղաքներում։ Առաջին տպագիր գրքերի մեծ մասը չի պահպանվել։

Ռուսաստանում տպագրությունն սկսվել է 16–րդ դարի կեսից։ Մեզ հայտնի ռուս առաջին տպագրիչը Իվան Ֆեոդորովն է։ 1563 թ․ իր օգնական Պյոտր Մստիսլավեցի հետ Ի․ Ֆեոդորովն սկսեց տպագրել «Առաքյալների գործերը»՝ առաջին տպագիր գիրքը Ռուսաստանում։ Իսկ 1574 թ․ նա ստեղծեց առաջին «Այբբենարանը», որն ընդգրկում էր նաև քերականություն։

Մեծ լուսավորիչ և հայրենասեր Իվան Ֆեոդորովն իր ողջ կյանքը նվիրեց նրան, որ, ինչպես ինքն է գրել, «աշխարհով մեկ սփռի և ամենքին բաշխի հոգևոր սնունդ»։ Մոսկվայի կենտրոնում, այն վայրի մոտ, ուր գտնվելիս է եղել քաղաքի առաջին