Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/283

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տուֆը՝ Կրեմլի Համագումարների պալատի երեսապատման համար:

Րաֆֆի

(1835-1888)

Գյուղական անշուք սենյակի հողե խոնավ հատակին նստոտած են տարբեր տարիքի աշակերտներ: Դասասենյակ հիշեցնող ոչինչ չկա այստեղ: Դիմացի պատի տակ հերթական «զոհին» են սպասում ֆալախկան՝ պատժական ինքնաշեն հարմարանքը, և թարմ ճիպոտների խուրձը: Վարժապետի հրամանով մի քանի աշակերտներ բռնում են աննշան զանցանք կատարած իրենց ընկերներից մեկին, ոտքերը հագցնում ֆալախկայի մեջ, գլխիվայր կախում օդում և ճիպոտներով հարվածում այնքան, մինչև նա ուշաթափվում է: Նրան իջեցնում են ու նետում սենյակի մի անկյունը: Վարժապետը շարունակում է դասը: Իսկ դասի եղած—չեղածն էլ այն է, որ պետք է տառաճանաչ դառնալ և հատվածներ սերտել կրոնական գրքերից: Այնպես էր իր սաներին «դաստիարակում» և «մարդ դարձնում» վարժապետը, որը միաժամանակ նաև գյուղի տերտերն էր... Դա տեր Թոդիկի դպրոցն էր, ուր իր նախնական կրթությունն ստացավ Հակոբ Միրզայի Մելիք—Հակոբյանը՝ ապագա հայ մեծ վիպասան Րաֆֆին: Նկարագրված դեպքը, որ կրկնվում էր գրեթե ամեն օր, տեղի էր ունենում նրա ծննդավայր Փայաջուկ գյուղում, որը գտնվում էր Իրանի Սալմաստ գավառում: Այդ «դպրոցում» սովերելու ժամանակ էլ մանկան հոգում ծնվեց ատելությունը բռնության և մարդկային արժանապատվության ոտնահարման դեմ: «Դպրոցի» տխուր հռչակը Րաֆֆին հետագայում տարածեց Հայաստանով մեկ՝ այնտեղ կիրառվող բարբարոսական մեթոդները նկարագրելով իր հայտնի «Կայծեր» վեպում:

Ընտանեկան պայմանները նպաստավոր եղան, որ փոքրիկ Հակոբը վաղ տարիներից համակվեր ազատատենչ ու հայրենասիրական գաղափարներով: Նրա հայրը կրթության հարգն իմացող և հարազատ ժողովրդի ճակատագրով ապրող մարդ էր, իր հարկի տակ հաճախ հյուրընկալում էր Հայաստանի տարբեր ծայրերից եկած անվանի մարդկանց, որոնք պատմում էին հայոց աշխարհի չքնաղ բնության, ազգային հերոսների, ինչպես նաև հայ ժողովրդի ցավերի ու վշտերի մասին, առաջադրում այդ ցավերը բուժելու հնարներ: Ուշիմ ու խելացի Հակոբի երևակայությունը բորբոքվում էր այդ պատմություններից, և նրա հոգում ծիլեր էին արձակում իր հայրենիքին ու ժողովրդին նվիրաբերվելու ազնիվ մղումները:

12 տարեկան Հակոբին հայրը տարավ Թիֆլիս (Թբիլիսի): Ինը տարի այստեղ սովորելով առաջնակարգ դպրոցներում` նա ջանադիր եռանդով գիտելիքներ կուտակեց և մտավ կյանք:

Հարազատ ժողովրդին մոտիկից ճանաչելու, նրա կյանքի պայմաններին, նիստ ու կացին, բարքերին ու ըմբռնումներին ծանոթանալու նպատակով, սկսած 1850—ական թվականների կեսերից Րաֆֆին մի շարք ճանապարհորդություններ է կատարում Իրանի ու Թուրքիայի հայկական գավառներում: Ամենուրեք նա տեսնում է հայ աշխատավորի ողբալի կացությունը, որի կյանքն անցնում էր օտարների դաժան լծի, սոսկալի հետամնացության և ազգի հարուստների անողոք շահագործման պայմաններում: Հայ առաջադեմ մտավորականների հետ միասին Ռաֆֆին նույնպես հանգում է այն եզրակացության, որ այդպես այլևս ապրել չի կարելի, և որ հարկավոր են խոր ու արմատական փոփոխություններ: Իսկ դրա համար անհրաժեշտ է նախ լուսավորել ժողովրդական մասսաներին, նրանց գիտակցությանը հասցնել իրականության սարսափելի ճշմարտությունները, հավատ արթնացնել սեփական ուժերի նկատմամբ, որպեսզի ժողովուրդն ինքը պայքարի իր բարօրության համար:

Իր ծրագրերն իրականացնելու համար