Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/298

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ուժեղ հռնդյուն լսվեց, մեր բազկաթոռները ցնցվեցին: Պտուտակի երկար թևերն սկսեցին պտտվել, և ահա մեքենան առանց որևէ թափավազքի, ուղղակի կանգնած տեղից, վեր բարձրացավ: Բարձրացավ, բարձրացավ ու... կանգնեց, ասես, «կախվեց» օդում: Շաժիչը հռնդում է, պտուտակաթևերը պտտվում են, բայց մեքենան տեղից չի շարժվում:

Ուղղաթիռը կարող է այդպես կախված մնալ երկար ժամանակ: Կարելի է բացել դռնակը, վայր նետել պարանասանդուղքը: Նրանով խցիկ կարող է բարձրանալ սառցակտորի հետ ծով քշված ձկնորսը կամ տայգայում մոլորված երկրաբանը: Կարելի է լուսանկարել տեղանքը, հյուսիսային ծովերում սառցաբեկորների միջև անցում փնտրել, սրսկել խաղողի այգիները, մարել անտառային հրդեհները և նույնիսկ... օդի շիթով թափ տալ մայրի ծառի կոները: Ուղղաթիռը բոլորին կփրկի, բոլորին կօգնի աշխատանքում, այդ երկնային ամենագնացն ամենուրեք մուտք ունի:

Օդաչուն տեղափոխեց լծակը և ուղղաթիռն առաջ շարժվեց: Ներքևում օրորվեցին ու ետ լողացին շենքերի խորանարդիկները, գործարար տեսքով առաջ սողացող փոքրիկ, ասես խաղալիք ավտոմոբիլներով ծանրաբեռնված ճանապարհը:

Ահա մեզ ընդառաջ է թռչում մեկ այլ ուղղաթիռ, որը մերից ավելի մեծ է և ունի միայն մեկ, հսկա պտուտակ: Այդ ի՞նչ է նա քարշ տալիս:

Ա՜յ քեզ հրաշք. ուղղաթիռից ճոպաններով կախված է պողպատե ցանցկեն մի կայմ՝ ճիշտ և ճիշտ նման ներքևում նոսր շարքով շարվածներին: Այդ ուղղաթիռը հո իսկական ամբարձիչ կռունկ է: Ի դեպ, այն հենց այդպես էլ կոչվում է՝ ամբարձիչ ուղղաթիռ Մի-10: Շարժիչի հռնդյունի մեջ օդաչուին բղավում ենք. «Խնդրո՜ւմ ենք, ե՜տ դարձեք, ուզո՜ւմ ենք տեսնել, ո՞ւր է դրան քարշ տալիս»: Օդաչուն ժպտում է, գլխով համաձայնության նշան անում, և մեր մեքենան թռչում է մեծ ուղղաթիռի ետևից:

Ահա մոտենում ենք հսկա կայմերի շարանի ծայրին: Հապա մի նայե՛ք. այնտեղ