Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/297

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երրորդ տոննան ստացվել են Ուկրաինայում:

Հացահատիկի գրեթե մեկ հինգերորդ մասը, արևածաղկի կեսը, շաքարի, ճակնդեղի երկու երրորդը, բանջարեղենի, մրգերի մեկ երրորդը տալիս է Ուկրաինան: Իր հերթին, սովետական մյուս հանրապետություններից Ուկրաինան ստանում է այն ամենը, ինչի կարիքն ունի նրա տնտեսությունը:

Երկրագնդի վրա շատ չեն այն վայրերը, ուր այդպես հաջող զուգակցված են ընդերքի հարստությունները, մեղմ կլիման, արգավանդ հողերը՝ այն ամենը, ինչ անհրաժեշտ է արդյունաբերության և գյուղատնտեսության զարգացման համար: Ուկրաինայի տարածքի ավելի քան երկու երրորդն զբաղեցնում են բերրի սևահողերը՝ հանրապետության ոսկե ֆոնդը: Միայն հարավային շրջաններում որոշ տարիներ խոնավության պակաս է զգացվում: Երաշտի դեմ այստեղ պայքարում են արհեստական ոռոգման օգնությամբ: Հարավի չորային դաշտերին անրաժեշտ ջուրը մատակարարում են ջրառատ գետեր:

Ուկրաինայի ամենամեծ գետը՝ Դնեպրը, հատում է հանրապետության ողջ տարածքը և թափվում Սև ծովը: Դնեպրը ջուր է տալիս քաղաքներին ու գյուղերին, սնուցում արհեստական գետերը՝ ջրանցքները, և հարավային շրջանների դաշտերը, պտտում հիդրոէլեկտրակայանների (ՀԷԿ) տուրբինները: Հնուց մարդկանց համար այն եղել է ջրային ուղի։ Սովետական իշխանության տարիներին Դնեպրի վրա կառուցվել է հիդրոէլեկտրակայանների և խոշոր ջրամբարի կասկադ։ Ամենախոշոր ՀԷԿ–ը Վ. Ի. Լենինի անվան Դնեպրի հիդրոէլեկտրակայանն է։ Այժմ Դնեպրի սահմանները ծածկված են ջրի հաստ շերտով։ Գետը դարձել է խորահուն և մատչելի խոշոր նավերի նավարկության համար։ Հանդարտ ու վեհապանծ հոսում է Դնեպրը Սովետական Ուկրաինայի հիասքանչ ու շռայլ հողով։

Ուկրաինաի մասին կարդացեք հետևյալ գիրքը.

Кравец О. Путешествие в страну 72000 рек. М., «Дет. лит.», 1967 (Ты по стране идешь).

Ուղղաթիռ

Թռիչքի հրապարակում կանգնած է երկար, բարակ պոչով, վիթխարի ճպուռի նմանվող մի մեքենա: Նրա վերևի մասում ցցված են հսկա պտուտակի թևեր, իսկ պոչի վրա մեկ ուրիշ` փոքրիկ պտուտակ կա:

Մտնենք խցիկը, նստենք փափուկ բազկաթոռներին: Օդաչուն միացրեց շարժիչը: