Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/307

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ավելի հաճախ են փայտակոճերը փոխարինվում երկաթբետոնե սալերով։

Որքան ավելի է գնացքը մոտենում քաղաքին, այնքան ավելի շատ նորակառույցներ են հանդիպում։ Տուֆից, աղյուսից ու պանելներից կառուցված տների փայտե մասերը ևս քիչ չեն՝ շրջանակներ, հատակներ, դռներ։ Սենյակներում մարդիկ գործածում են փայտե կահույք, փայտե լուցկիով վառում գազօջախը:

Ահա և դպրոցը։ Փայտե բազրիքից բռնած՝ աշակերտները բարձրանում են աստիճաններով, քայլում փայտե պարկետապատ հատակին, նստում դպրոցական փայտե նստարանին, փայտե գրչատուփից հանում փայտե մատիտներ, քանոններ, բացում տետրերն ու դասագրքերը... Մի՞թե չգիտեիք, որ տետրերն ու դասագրքերն էլ են փայտից։ Ասում եք՝ թղթի՞ց են։ Շատ լավ. ինկ ինչի՞ց են ստանում թուղթը, իհարկե փայտանյութից։ Տետրի կամ գրքի թերթերին երբեմն երևում են թեփի մանրագույն մասնիկներ. դրանք մանրացրած փայտանյութի հետքերն են։

Բայց փայտանյութից են ստանում ոչ միայն թուղթը, այլև կրկնակոշիկները, մանկական ծծակները և, նույնիսկ, ավտոդողերը։ Միայն թե դրանց վրա արդեն փայտանյութի ոչ մի հետք չի նկատվում։ Պատճառն այն է, որ գործարանում փայտի թեփից նախ սպիրտ են ստանում, սպիրտից՝ սինթետիկ կաուչուկ, իսկ հետո արդեն կաուչուկից պատրաստում են ռետինե բազմապիսի առարկաներ։

Հապա մետա՞քսը, եթե այն արհեստական է, ապա կարելի՞ է լրիվ անվանել փայտամետաքս։ Մեկ խորանարդ մետր փայտանյութից ստացվում է հարյուր հազարավոր մետր գեղեցիկ մետաքս։ Միայն թե նախքան մետաքս դառնալը քիմիական գործարանում փայտանյութը զանազան կերպարանափոխությունների են ենթարկվում։

Ցանկության դեպքում փայտանյութից կարելի է նույնիսկ շաքար ստանալ։ Իսկ փայտե պլաստիկատների մասին խոսելն անգամ ավելորդ է։ Փայտանյութից հրաշալի պլաստիկատներ են ստացվում։ Փայտանյութի բարակ թերթերը պատում են արհեստական խեժով, մամլում են և ստանում նոր շինանյութ՝ փայտե պլաստիկատ, որից կահույք են պատրաստում։

Ահա և ստացվում է, որ, ապրելով մետաղների, երկաթբետոնի, պլաստմասսաների դարում, չենք մոռանում նաև հնուց անտի մարդուն ծառայող «ծերուկ» փայտանյութի մասին։ Չէ՞ որ այն դեռ շատ օգուտ է տալիս մեզ։

Փայտփորիկ

Դուք, երևի, փայտփորիկ տեսել եք։ Իսկ եթե չեք տեսել, ապա, անկասկած, լսել եք նրա թխկթխկոցը. հազիվ թե գտնվի մի անտառ, ուր այն չհնչի։ Ու թեև այդ հնչյուններն այնքան էլ գեղեցիկ չեն, բայց բնությունը սիրող ամեն ոք ուրախանում է դրանց համար։ Հապա ինչպես. եթե փայտփորիկը թխկթխկացնում է, նշանակում է վնասատու միջատները կոչնչացվեն և ծառն էլ կշարունակի ապրել։

Եթե, նույնիսկ, այդ ծառն արդեն չորացել է, վնասատու միջատները չեն տարածվի մյուս, առողջ ծառերի վրա։ Զուր չէ, որ փայտփորիկին անտառային բժիշկ են անվանում։