Առավոտից մինչև ուշ գիշեր աշխատում է փայտփորիկը, ճկուն պոչով ծառաբնին հենված և ուժեղ ճանկերով նրան կառչած` դուրի պես ամուր կտուցով նա փորում է ծառը: Իսկ հետո իր երկար, ամուր, խորդուբորդ լեզվով միջատներ է հանում փորած անցքից:
Մեր երկրի, այդ թվում նաև մեր հանրապետության անտառներում բնակվում են մի քանի տեսակի փայտփորիկներ` սև փայտփորիկը, կանաչ փայտփորիկը, սպիտակամեջք փայտփորիկը, մեծ, փոքր և միջին խայտաբղետ փայտփորիկները և այլն: Բայց ամենից հաճախ հանդիպում է մեծ խայտաբղետ փայտփորիկը:
Բոլոր փայտփորիկները բնադրում են ծառերի փչակներում:
Փարիզի կոմունա
1871 թ. մարտի 18–ին Փարիզի բնակիչներն արթնացան հրետանային կրակոցներից ու զանգերի ղողանջից: Տագնապած մարդիկ դուրս էին վազում տներից և ուղղվում դեպի Մոնմարտրի բարձունքը: Իսկ այստեղ...
«Հրամայում եմ կրակե՛լ, — կատաղած գոռում էր կառավարական զորքերի հրամանատար գեներալը: — Կրա՜կ: Կրա՜կ»: Բայց զինվորներն իջեցնում էին հրացանների փողերը: Նրանք չէին ցանկանում կրակել խաղաղ քաղաքացիների վրա:
Ի՞նչ էր տեղի ունենում Ֆրանսիայում:
Ֆրանսիան պատերազմում էր Գերմանիայի դեմ: Գերմանական բանակն արդեն զավթել էր երկրի մի մասը: Ֆրանսիական ժողովուրդը լի էր զավթիչների դեմ մարտնչելու վճռականությամբ: Սակայն կառավարությունը հաշտություն կնքեց և հրամայեց թնդանոթները դուրս բերել Փարիզից` վճռելով ապավինել թշնամու ողորմածությանը: Չէ՞ որ զինված ժողովուրդը բուրժուազիայի համար ավելի սարսափելի էր, քան թշնամու բանակը: Փարիզաբնակներն ապստամբեցին բուժուական կառավարության դեմ, որը նրանք կնքեցին «ազգային դավաճանության կառավարություն» մականունով: Փարիզի վրա ծածանվում էին կարմիր դրոշներ, փողոցներում տոնական աշխուժություն էր տիրում: «Կորչե՛ն դավաճանները: Կորչե՛ն կեղեքիչները: Կեցցե՛ ազատությունը: Կեցցե՛ հեղափոխությունը», — լսվում էր ամենուր: Զինված բանվորները կարգ ու կանոն հաստատեցին քաղաքում և իրենք էլ պահպանում էին այն:
Աշխատավորներն սկսեցին կառավարել քաղաքը և ստեղծեցին իրենց կառավարությունը՝ Փարիզի կոմունան, որտեղ բոլոր պաշտոններն զբաղեցրին ժողովրդի ընտրած ներկայացուցիչները:
Այսպես սկսվեց պատմության մեջ առաջին պրոլետարական հեղափոխությունը: Աշխարհում առաջին անգամ կառավարությունը ծառայում էր ժողովրդին: Կոմունան հոգ էր տանում աղքատների և գործազուրկների մասին՝ բազմաթիվ ընտանիքների նկուղներից ու ետնախորշերից տեղափոխելով փախստական հարուստների տները: Կազմակերպվում էին մանկապարտեզներ, անվճար դպրոցներ, ժողովրդական ակումբներ: Բանվորներն իրենք էին հետևում, որ գործարաններն անխափան աշխատեն: Բայց կոմունարները հարկադրված էին գործելու խիստ դժվարին պայմաններում: Չէին բավականացնում զենքն ու պարենը: Փարիզը շրջապատված էր թշնամիներով և կտրված էր Ֆրանսիայի մնացած շրջաններից: Իսկ թշնամիներն ուժեր էին կուտակում: Փարիզի նախկին տերերն ամրացել էին մայրաքաղաքի Վերսալ կոչվող արվանձանում և գերմանական գեներալների հետ արշավանքի էին նախապատրաստվում հեղափոխական քաղաքի դեմ:
Մինչ այդ կոմունայի ներսում ծագել էին լուրջ տարաձայնություններ: Կոմունարների