Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/311

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1954 թվականից մինչև իր մահը մեծ դերասանն ապրեց ու գործեց Երևանում՝ հանդես գալով Գ. Սունդուկյանի անվան թատրոնում: Մայրաքաղաքի թատերական հասարակությունը ոգևորությամբ էր ընդունում նրա յուրաքանչյուր ելույթը:

Բազմաթիվ են Վ. Փափազյանի կերտած դերերը՝ Օթելլո, Համլետ, Լիր արքա՝ Շեքսպիրի համանուն դրամաներում, Վանահայր, Աբեղա՝ Շանթի «Հին աստվածներ», Ռուստամ՝ Շիրվանզադե «Նամուս», Արբենին՝ Լերմոնտովի «Դիմակահանդես», Ուրիել Ակոստա՝ Գուցկովի «Ուրիել Ակոստա», Դոն Ժուան՝ Մոլիերի «Դոն Ժուան» պիեսներում և այլն, որոնց թագն ու պսակը Օթելլոն է: Ծերունազարդ արտիստի վերջին դերը Մեք Գրեգորն էր Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» պիեսում:

Կերպարի խոր ճանաչողություն, մտքի և զգացմունքի ներդաշնակություն, հուժկու խառնվածք, հարուստ երևակայություն, գույների առատություն, անսպառ եռանդ և շնչող գեղեցկություն, բեմական վարպետություն, կատարյալ տիրապետում. ահա Փափազյանի արվեստին բնորոշ գծերը:

Սովետական բեմին մատուցած ծառայությունների համար 1956 թ. Փափազյանին շնորհվեց ՍՍՀՄ ժողովրդական արտիստի կոչում:

Փափազյանը նաև գրչի վարպետ էր: Նրա «Հետադարձ հայացք» երկհատոր գիրքը հայ հուշագրության նշանավոր երկերից է, ինչպես որ «Իմ Օթելլո», «Համլետը, ինչպես որ կա», «Լիր արքա» գործերը շեքսպիրագիտության լավագույն էջերից են:

Մեծ դերասանը թաղված է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում՝ հայ մշակույթի ուրիշ մեծերի կողքին:

Փափազյան Վրթանես Մեսրոպի

(1864- 1920)

1882 թ. աշնանային մի օր Թիֆլիսում (Թբիլիսիում) լույս տեսնող «Արձագանք» թերթի խմբագրի աշխատասենյակը մտավ հնամաշ հագուստով մի պատանի: Տանջահար դեմքով, անքնությունից ուռած աչքերով տղան ուսապարկից հանեց ու գրասեղանին դրեց ձեռագրերի մի տրցակ:

— Ի՞նչ են սրանք, — հարցրեց խմբագիրը:

— Իմ գրվածքներն են, բերել եմ տպագրելու ձեր թերթում: Ես Վրթանես Փափազյանն եմ:

Այդ անունը դեռ քիչ էր հայտնի, և զրույցը երկարեց:

Իսկ երբ պատանին շնորհակալություւն հայտնելով հեռացավ, խմբագիրն իր շուրջը հավաքեց աշխատակիցերին և ոգևորությամբ հայտարարեց, թե ինքը հայտնաբերել է մի նոր հայ գրողի: Ու սկսեց վերապատմել նրա կյանքի պատմությունը: Ծնվել է Վան քաղաքում, սովորել հին հայկական Գողթն գավառի Ագուլիս գյուղաքաղաաքի ու պարսկական Թավրիզ քաղաքի հայկական դպրոցներում, մեկ տարի էլ՝ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: Ընտանիքի նյութական ծանր կացության պատճառով ստիպված կիսատ է թողել ուսումը, 15 տարեկանից սկսել է աշխատել, եղել սևագործ բանվոր, լուսանկարիչ, հեռագրիչ: Ծրագրել է իր գրվածքներով ազատության ու հավասարության գաղափարներ սերմանել հարազատ ժողովրդի մեջ, սովորեցնել պայքարելու հարստահարիչների, ստրկական կապանքների դեմ:

Անցան տարիներ, և Վթանես Փափազյան գրողի անունը լայնորեն հայտնի դարձավ Հայաստանում ու նրա սահմաններից դուրս: Չնայած սուղ պայմանններին, նա բարձրագույն կրթություն ստացավ Շվեյցարիայի Ժնև քաղաքի համալսարանում, դարձավ ժամանակի ամենազարագացած մարդկանցից մեկը, ազատորեն տիրապետեց