Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/317

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այդ ոտքերն ու ձգվում են՝ քայլ են անում։ Այդպես նրանք կարող են նույնիսկ ուղղաբերձ ժայռեր մագլցել։ Իսկ կրային ասեղիկները նրանց համար յուրօրինակ հենարան են ծառայում, օգնում են նաև կերը ատամներով շրջապատված բերանի մոտ պահելուն։ Ծովոզնիները սնվում են ծովային մանր կենդանիներով, ջրիմուռներով։

Խոշոր ծովոզնիների ասեղներն ունենում են 30 սմ երկարություն։ Դա վտանգավոր զենք է. ասեղները կոտրվում—մնում են թշնամու մարմնի մեջ՝ առաջացնելով ցավոտ վերքեր։ Ծովոզնիները շատ թշնամիներ ունեն, որոնց մեջ կան նույնիսկ ցեղակիցներ՝ ծովաստղեր։

Դանդաղ ու հերթով շարժելով հինգ ճառագայթները՝ ծովաստղերն անշտապ շարժվում են հատակով։ Այս կենդանիները գիշատիչներ են, սրանց զոհերը հիմնականում փափկամորթներ են։ Եթե ավարը չափազանց մեծ է, ծովաստղն իր բերանի խոռոչով դուրս է շրջում ստամոքսը, նրանով փաթաթում ավարը և սնունդը մարսում մարմնից դուրս։

Ծովաստղը կարող է կորցնել իր որևէ ճառագայթը և թաքնվել. ճառագայթը հետո նորից կաճի։ Մի ճառագայթից կարող է նույնիսկ ամբողջ աստղ աճել։ Ծովաշուշանները կարող են դեն նետել «ծաղիկը»։ Ծովագլանների համար սարսափելի չէ անգամ մարմնի մեծ մասի կորուստը ներքին օրգաններով։

Ծովագլանը կմախքային թիթեղիկներ քիչ ունի։ Նրա բերանը շրջապատված է ճյուղավորված տաս շոշափուկներով։ Ծովագլանն սպասում է այնքան, մինչև ծովային մանր կենդանիները կպչում են դրանց։ Եվ այդ ժամանակ նա հերթով բերանն է մտցնում յուրաքանչյուր շոշափուկը։

Փշատենի

Ամռան սկզբին այգիներով, գյուղամիջյան ճանապարհներով անցնելիս դուք, հավանաբար, զգացել եք արբեցնող, հաճելի բուրմունքը և անմիջապես կռահել, որ ծաղկել է արծաթազգեստ փշատենին։

Փշատենին փշածածկ, 5—10 մ բարձրություն և 20—50 սմ տրամագծով բուն ունեցող պտղատու ծառ է։ Բունը և բազմամյա ճյուղերը կարմրադարչնագույն են, մատղաշ ընձյուղները՝ արծաթագույն։ Տերևները գծանման են կամ նշտարաձև, ամբողջական եզրերով, արծաթափայլ։ Ծաղիկները մանր են, մեղրատու, ներսից՝ դեղին, իսկ արտաքինից՝ արծաթագույն։ Լուսասեր, չորադիմացկուն և ցրտադիմացկուն բույս է փշատենին, սիրում է փուխր, սննդանյութերով հարուստ հողեր, բայց աճում է նաև աղակալած հողերում, դիմանում այն վայրերում, որտեղ օդն աղտոտված է ծխով ու գազերով։ Բազմանում է կտրոններով, սերմերով։ Ապրում է 50—60 տարի։

Փշատենու պտուղները՝ փշատները, որ հասունանում են աշնանը, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին, մանր են, երկարավուն ու գլանաձև։ Նրանց մաշկը բարակ է ու փայլուն, շագանակագույն կամ վառ կարմիր։ Մաշկի տակ սպիտակ պտղամիսն է՝ քաղցր, փշրվող, ալրանման։ Փշատը պարունակում է շաքարներ, սպիտակուցներ, վիտամիններ։ Առաջներում փշատի ալյուրից փոքրիկների համար կաթով շիլա են պատրաստել, այն խառնել են սուջուխի շփոթին, գաթայի կամ բաղարջի