Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/328

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որն ստեղծվել է ճարտարապետ Ռ. Իսրայելյանի նախագծով:

Հուշարձաններն ու հուշահամալիրները, որպես կանոն, արտահայտում են քաղաքացիական, հայրենասիրական խոհեր ու զգացմունքներ: Մոնումենտալ քանդակագործությանն են պատկանում նաև զբոսայգիները, պուրակները, շենքերը զարդարող հուշարձաններն ու աձանները: Դրանք մոնումենտալ—դեկորատիվ քանդակագործության ստեղծագործություններ են: Դրանցից են զանազան ֆիգուրներով շատրվանները, մարզիկների կամ պիոներների արձանները, որ դուք, երևի տեսել եք զբոսայգիներում: Մոնումենտալ քանդակագործության օրինակներից է քանդակագործ Ա. Սարգսյանի հեղինակած «Մայր Հայաստան» պղնձակոփ հուշարձանը Լենինականում:

Բոլորովին այլ է հաստոցային քանդակագործությունը, որ նախատեսված է շինությունների ներսի համար: Դրան դուք կարող եք ծանոթանալ ցանկացած գեղարվեստական թանգարանում: Հաստոցային քանդակները դիտում են մոտ տարածությունից, այդ պատճառով էլ դրանք կատարվում են ավելի մանրակրկիտ ու նուրբ, քան մոնումենտալ քանդակագործության ստեղծագործությունները: Դրանք ամենից առաջ մարդու բարդ ներաշխարհի մասին պատմող, նրա խոհերն ու զգացմունքները բացահայտող դիմաքանդակներ են, ինչպես նաև զանազան արձաններ: Հաստոցային քանդակներ են, օրինակ, լատիշ արվեստագիտուհի Ա. Յա. Բրիեդեի «Անձրևը», հայ քանդակագործներ Հ. Գյուրջինյանի «Կատուն», Ղ. Չուբարյանի «Անուշիկը»:

Կա քանդակագործության մի բնագավառ ևս` փոքր ձևերի ստեղծագործությունները: Քանդակային արվեստի այդ ձևին դուք, իհարկե, նույնպես լավ ծանոթ եք: Հնարավոր է, որ ձեր տանն էլ լինեն, ասենք, որևէ գազանիկ կամ թռչուն պատկերող արձանիկներ: Երբեմն դրանք զվարճալի են լինում, երբեմն՝ շատ սրտառուչ: Ինչպես և մոնումենտալ կամ հաստոցային քանդակագործության մեջ, այստեղ ևս յուրովի, առանձնահատուկ միջոցներով փառաբանում է կյանքը, մեզ ի ցույց անելով այն, ինչ հաճախ չենք նկատում, և կոչ է անում սիրել շրջապատող աշխարհի ողջ գեղեցկությունը:

Հայաստանում պահպանված քանդակագործական հնագույն նմուշներից դուք կարող եք տեսնել «Վիշապ» կոչվող քարակոթողը Երևանի Օղակաձև զբոսայգում, «Սֆինքս» արձանիկի մեծացված կրկնօրինակը՝ «Էրեբունի» թանգարանում:

Քանդակագործության մեջ իր ուրույն տեղն ունի զարդաքանդակը՝ բազմապիսի կառույցների զարդարումը, նախշումը քանդակելու միջոցով: Դեռ հնուց զարդաքանդակը շատ տարածված է եղել Հայաստանում, սերտորեն կապվել ճարտարապետության հետ: Հայ հմուտ քանդակազարդող վարպետները նուռ ու խաղող, արծիվ ու մարդ, այլևայլ նախշեր պատկերող հարթաքանդակներով, բարձրաքանդակներով ու խորաքանդակներով զարդարել են տաճարներն