Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/337

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


էր մեծ նկարիչ Եղիշե Թադևոսյանը: Ապա սովորել է Մոսկվայի Ազատ գեղարվեստական արվեստանոցներում: Ուսումն ավարտելուց հետո վերադառնում է Թիֆլիս, նկարչություն դասավանդում տեղի հայկական դպրոցներում, բացում իր առաջին անհատական ցուցահանդեսը: Նրա գիտելիքներն այնքան հիմնավոր էին, որ քսաներկու տարեկանում որպես գեղանկարչության պրոֆեսոր դասավանդում է Թիֆլիսի բարձրագույն տեխնիկական արվեստանոցներում:

Նկարչության մեջ կատարելագործվելու նպատակով 1922 թ. Քոչարը մեկնում է Վենետիկ (Իտալիա), ապա հաստատվում և ստեղծագործում է Փարիզում, իր նկարներով մասնակցում ցուցահանդեսների, ճանաչում ձեռք բերում: Այստեղ Քոչարը հանդես եկավ նորարարությամբ: Մեկ կտավի փոխարեն նա սկսեց նկարել միևնույն առանցքով միմյանց զոդված թիթեղներին՝ ստեղծելով ամբողջական երկ: Նոր տեսակի այդ ստեղծագործությունը նա անվանեց «Նկարչություն տարածության մեջ»: Դա իսկական հայտնագործություն էր, որի մասին հիացմունքով գրեցին ֆիանսիացի արվեստաբանները:

1936 թ. Ե. Քոչարը վերադարձավ հայրենիք և սկսեց ստեղծագործել նոր եռանդով: Նա կերտեց նշանավոր մի շարք մարդկանց կիսանդրիներ ու արձաններ, «Սասունցի Դավիթ» էպոսի հրատարակություններից մեկի համար ստեղծեց նկարների մի ամբողջ շարք, որոնք հայկական գծանկարչության լավագույն աշխատանքներից են:

Ճարտարապետ Ռ. Իսրայելյանի հետ արվեստագետը կերտեց «Զվարթնոց» ուղենշան—կոթողը, որը կանգնեցված է Զվարթնոց տանող ճանապարհի սկզբնամասում: Կյանքի վերջին տարիներին Քոչարն ավարտեց իր մյուս մոնումենտալ քանդակը՝ Վարդան Մամիկոնյանի արձանը, որ դրված է Երևանի Օղակաձև զբոսայգում:

Ե. Քոչարն այն արվեստագետներից է, որոնք հավասար ուժով ստեղծագործել են և′ քանդակագործության, և′ գեղանկարչության, և՛ գծանկարչության ասպարեզներում: Նրա գեղանկարչական հիանալի աշխատանքներից է, օրինակ, «Պատերազմի արհավիրքը» կտավը, որտեղ նկարիչը ցույց է տվել ամեն տեսակի պատերազմների սարսափելի, կործանարար էությունը:

Ե. Քոչարը նաև գյուտարար էր: Նա ստեղծել է հատուկ մոմաներկեր, որոնք դիմանում են ցրտին ու շոգին, խոնավությանը, քիմիական նյութերի ազդեցությանը: Այդ մոմաներկերով արվեստագետը ստեղծել է մի շարք գործեր:

1976 թ. Երվանդ Քոչարին շնորհվեց ՍՍՀՄ ժողովրդական նկարչի բարձր կոչում: Նրա շատ ստեղծագործություններ պահվում են Սովետական Հայաստանի, Սովետական Միության և Եվրոպական մի շարք քաղաքներում, մասնավոր