Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/338

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հավաքածուներում: Բազմաթիվ գործեր ցուցադրվում են 1984 թ. Երևանում բացված նրա տուն—թանգարանում:

Ե. Քոչարի անունն են կրում Երևանի փողոցներից մեկը, Հրազդան քաղաքի գեղարվեստի դպրոցը:

Քոչար Հրաչյա

(1910-1965)

«Սիրելի Մերի, անուշ բալիկ ջան: Այսօր լրանում է քո ութ տարին, իսկ ես քեզնից հեռու եմ, չեմ կարող քեզ նվերներ գնել, համբուրել քեզ: Ես մեղավոր չեմ, բալիկ ջան, թշնամին է մեղավոր, որ հարձակվեց մեզ վրա, բաժանեց մեզ իրարից: Շնորհավորում եմ քեզ և ուզում եմ, որ դու շատ խելոք, աշխատասեր աղջիկ լինես, շատ գրքեր կարդաս, լսես մամային, սիրես հայրենիքդ, սիրես բոլորին, էնքան բարի լինես, որ բոլորն ասեն. «Ինչ լավ աղջիկ է Քոչարի աղջիկ Մերին»:

Այսպես էր ռազմաճակատից իր դստերը գրում Հրաչյա Քոչարը՝ անվանի գրողն ու քաղաքացին:

Հրաչյա Քոչարը ծնվել է Արևմտյան Հայաստանի Ղումլիբուճախ գյուղում: 1915 թ. ՄԵծ եղեռնի ժամանակ, թուրք ջարդարարներն ուրիշ շատ հայկական գյուղ ու քաղաքների շարքում քարուքանդ են անում նրա ծննդավայրը, սպանում, աքսորում բնակիչներին: Ծնողներից զրկված փոքրիկ Հրաչը գաղթականների հետ հասնում է Արևելյան Հայաստան: Ավարտելով Հոկտեմբերյանի բամբակագործական տեխնիկումը՝ ուշիմ պատանին այնուհետև սովորում է Երևանի բանֆակում (բանվորական ֆակուլտետ) և հենց նույն տարիներին սկսում է գրել պատմվածքներ, թղթակցում հանրապետական թերթերին: Հայրենական մեծ պատերազմի առաջին իսկ օրից Քոչարը, որն արդեն հայտնի գրող էր, մեկնում է ռազմաճակատ՝ կռվելու գերմանական ֆաշիստների դեմ, որոնք, ինչպես թուրք դահիճները, ավերում էին գյուղ ու քաղաք, սպանում մայրերին, մանուկներին:

Պատերազմի տարիներին ծուխ ու վառոդի մեջ, կրակի տարափի տակ գրված նրա հոդվածներն ու ակնարկները՝ համակցված ոգու արիությամբ և հաղթանակի անշեղ հավատով, տպագրվում էին Սովետական Հայաստանի թերթերում և ընթերցվում ինչպես ռազմաճակատում կռվող հարազատներից եկած երկար սպասված նամակներ:

Քոչարի շատ սիրված գործերից է «Գեներալի քույրը» պատմվածքը, որի հիիմքում ընկած է Սովետական Միության մարշալ Հ. Բաղրամյանի կյանքից վերցված իրական մի դեպք: Ողջ աշխարհում ապրող հայերի համար պաշտված անուն էր դարձել խիզախ զորավարի անունը: Ամերիկայում ապրող մի հայուհի, որի կյանքի պատմությունը շատ էր նման գեներալի կենսագրությանը, նամակ է գրում զորավարին՝ հավատացած, որ նա գաղթի ճամփաներին կորած իր Հովհաննես եղբայրն է: Զորավարը այսպես է պատասխանում ամերիկահայ իր հայրենակցուհուն. «Թանկագին քույրս: Ձեր նամակը շատ հուզեց մեզ... ՄԵզ մի մայր չի ծնել, բայց ծնել է մեզ մի ժողովուրդ և օժտել ընդհանուր զգացմունքներով: Այսօրվանից ես ուրեմն քույր ունեմ հեռավոր օվկիանոսից այն կողմ... և պարտք ունեմ նրա առաջ: Ձեր եղբայր՝ Հովհաննես»:

Պատերազմի ավարտից հետո Հրաչյա Քոչարը գրեց իր «Մեծ տան զավակները» նշանավոր վեպը, ուր նա, գործի դնելով ռազմի դաշտերից բերած իր հարուստ կենսափորձը և գրողի կիրքն ու տաղանդը, նկարագրում է, թե ինչպես են մեր բազմազգ երկրի զավակները մի մարդու պես անձնուրաց կռվում գերմանական զավթիչների դեմ:

Հրաչյա Քոչարի տաղանդը առանձնապես փայլատակեց նրա վերջին՝ «Սպիտակ