Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/357

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սխալը հասնում է մեկ օրվա: Մշակվում են առավել ստույգ և կատարյալ օրացույցի նախագծեր:

Հին եգիպտական օրացույցի հասակակից է հայկական առաջին օրացույցը: Շատ խոր անցյալում հայկական Նոր տարին սկսվել է մարտի 21-ին՝ գարնանային գիշերահավասարի օրը, հետագայում տեղափոխվել է օգոստոսի 11-ը (այդ մասին դուք կկարդաք «Նոր տարի» զրույցում): Ըստ ավանդության, մեր թվականությունից առաջ 2492 թ. օգոստոսի 11-ին, Վանա լճի արևելյան կողմում, Հայոց ձոր կոչվող գավառում, ճակատամարտի ժամանակ Հայկ նահապետը սպանում է բռնակալ Բելին (այդ մասին դուք կարող եք կարդալ «Հայկ և Բել» զրույցում): Հաղթության այդ օրը հայերը համարել են իրենց տարեգլուխը, իրենց օրացույցի սկիզբը: Հայկական այդ օրացույցը կոչվել է Բուն Հայկա թվական: Ըստ նրա, տարին ուներ 12 ամիս՝ յուրաքանչյուրը 30–ական օրով, և լրացուցիչ 13–րդ ամիս, որն ուներ ընդամենը 5 օր: Այժմ աշխարհի տարբեր կողմերում տպագրվող որոշ հայկական օրացույցներ ժամանակակից օրացույցին զուգահեռ օգտագործում են նաև Բուն Հայկա օրացույցը:

Ապա եկեք հաշվենք, թե 1986 թվականը Բուն Հայկա թվականով որ տարին կլինի: Դրա համար 2492+1986=4478. նշանակում է, 1986 թվականը Բուն Հայկա թվականով 4478 թվականն է: Բայց չէ՞ որ հայկական օրացույցով տարին սկսվում է օգոստոսի 11-ից, իսկ այժմյանը՝ հունվարի 1-ից: Այդ պատճառով հայկական տարվա կեսը այժմյան օրացույցով կընկնի մյուս կեսը՝ հաջորդ տարվա մեջ: Ստացվում է, որ 1986 թվականը կլինի Բուն Հայկա 4478/4479 թվականը:

Հայկական օրացույցն ուներ իր ամսանունները՝ Նավասարդ, Հոռի, Սահմի, Տրե, Քաղոց, Արաց, Մեհեական, Արեգ, Ահեական, Մարերի, Մարգաց, Հրոտից, 13–րդ ամիսն էլ կոչվել է Ավելյաց: Տոմարագետները գտնում են, որ հայոց ամիսները կոչվել են Հայկ նահապետի 12 ուստրերի ու դուստրերի անուններով:

Անուններ են ունեցել նաև հայկական ամսվա բոլոր 30 օրերը: Ահա դրանք՝ Արեգ, Հրանդ, Արամ, Մարգար, Ահրանք, Մազդեղ, Աստղիկ, Միհր, Զոպաբեր, Մուրցերեզկան, Անի, Պարխար, Վանատուր, Արամազդ, Մանի, Ասակ, Մասիս, Անահիտ, Արագած, Գրգուռ, Կորդուիք, Ծմակ, Լուսնակ, Ցրոն (Սփյուռ), Նպատ, Վահագն, Սիմ, Վարագ, Գիշերավար: Ավելյաց ամսվա օրանուներն են՝ Լուծ, Եղջերու, Փառագնոտ, Արտախույր, Ծկրավորի: Ինչպես տեսնում եք, սրանց մեջ շատ են հայկական տեղանուներն ու հայկական հին աստվածների անունները:

Հայերն անուններ են տվել նաև օրվա 24 ժամերին: Ցերեկվա ժամերն անվանել են՝ Այգ, Ծայգ, Ծայրացյալ, Ճառագայթալ, Շառավիղյալ, Երկրատես, Շանթակող, Հրակաթ, Հուրփայլյալ, Թաղանթյալ, Արագոտ, Արփող, գիշերվա ժամերը՝ Խավարուկ, Աղջամուղջ, Մթացյալ, Շաշավոտ, Կամավոր, Բավական, Հավաթափյալ, Գեղակ, Լուսաճեմ, Առավոտ, Լուսափայլ, Փայլածու: Սրանցից յուրաքանչյուրն արտահայտել է ցերեկվա կամ գիշերվա առանձին ժամին բնորոշ լուսերանգը: Ժամանակակից հայոց լեզվում դրանցից մի քանիսով նշվում է ցերեկվա կամ գիշերվա որևէ պահը (օրինակ, այգ, աղջամուղջ, առավոտ):

Հետագայում հայերն ստեղծել են նոր օրացույցներ: 584 թ. նրանք ընդունել են նոր, ճշտված օրացույց, որը կոչվում է Հայոց մեծ թվական: Ըստ այդ օրացույցի, առաջին տարին սկսվում է 552 թ. հուլիսի 11-ից: 1085 թ. հայերն ստեղծեցին մի նոր օրացույց, որը ստեղծողի՝ Հովհաննես Սարկավագի, անունով կոչվեց Սարկավագադիր թվական:

Մեր նախնիները զուգահեռաբար օգտագործել են և՛ ազգային հին ու նոր, և՛ հուլյան (գրիգորյան) օրացույցները:

Օրբելիներ

(Ռուբեն Աբգարի՝ 1880—1943, Լևոն Աբգարի՝ 1882—1958, Հովսեփ Աբգարի՝ 1887—1961)

Հայ ժողովրդի արժանավոր զավակներ Օրբելի երեք եղբայրներն էլ անգնահատելի ծառայություններ են մատուցել սովետական գիտությանը, դարձել ականավոր գիտնականներ:

Նրանց ծնողները ժամանակի կրթված ու զարգացած մարդկանցից էին. հայրն Անդրկովկասում ճանաչված իրավաբան էր, մայրը՝ մի շարք լեզուների քաջագիտակ և աշխատասեր կին: Գիտելիքների և աշխատանքի նկատմամբ սերը նրանք պատվաստում էին նաև իրենց զավակներին: Ավագ որդին՝ Ռուբենը, ծնվել էր Նախիջևան քաղաքում, Լևոնը՝ Դարաչիչակ գյուղում (այժմ՝ Ծաղկաձոր քաղաք), իսկ Հովսեփը՝ Վրաստանի Քութայիս քաղաքում: