Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/360

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հայրենական մեծ պատերազմի սկզբին Հ. Օրբելին կազմակերպեց Էրմիտաժի բարձրարժեք ցուցանմուշների փոխադրումը Ավերդլովսկ քաղաք, իսկ ինքը մնաց պաշարված Լենինգրադում: Պատերազմական ծանր պայմաններում նա զեկուցումներով հանդես էր գալիս Լենինգրադյան ռազմաճակատի մարտիկների, ինչպես նաև քաղաքի բնակիչների առջև՝ նրանց մեջ վառ պահելով հաղթանակի հավատը:

Պատերազմի հաղթական ավարտից հետո, երբ միջազգային դատարանը Նյուրնբերգում դատում էր ֆաշիստական հանցագործներին, Հ. Օրբելին հանդես եկավ իբրև մեղադրող կողմի վկա, մերկացրեց ֆաշիստների գազանությունները, Էրմիտաժի շենքի կանխամտածված ռմբակոծությունը և անարգանքի սյունին գամեց պատերազմի հրձիգներին:

ՍՍՀՄ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Հ. Օրբելին 1943 թ. ընտրվեց ՀՍՍՀ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս և առաջին պրեզիդենտ: 1956 թ. նա հիմնադրեց և մինչև կյանքի վերջը ղեկավարեց ՍՍՀՄ գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Լենինգրադի բաժանմունքը:

Նշանավոր գիտնականը Լոնդոնի հնագիտական ընկերության պատվավոր անդամ էր, Իրանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, Թեհրանի համալսարանի պատվավոր պրոֆեսոր: Նա պարգևատրվել է Լենինի 2, Աշխատանքային կարմիր դրոշի 2 շքանշաններով և բազմաթիվ մեդալներով:

Մեր մեծ հայրենիքում վառ է պահվում Օրբելի եղբայրների հիշատակը: Երևանում, նրանց անունը կրող փողոցում է գտնվում ՀՍՍՀ գիտությունների ակադեմիայի ֆիզիոլոգիայի ինստիտուտը, որը կոչվում է Լ. Օրբելու անունով: Ինստիտուտի շենքի առջև կանգնեցվել է Լ. Օրբելու կիսանդրին: Ծաղկաձորում բացվել է Հայաստանի պատմության թանգարանի մասնաճյուղը` Օրբելի եղբայրների թանգարանը:

ՍՍՀՄ գիտությունների ակադեմիան սահմանել է Լ. Օրբելու անվան մրցանակ` ֆիզիոլոգիայի բնագավառում կատարվող լավագույն աշխատանքների համար, իսկ Երևանի բժշկական ինստիտուտում սահմանվել է նրա անվան ուսանողական կրթաթոշակ: Լենինգրադում կանգնեցված է Հ. Օրբելու կիսանդրին: Օրբելի եղբայրների անունն է կրում նաև Լենինգրադի փողոցներից մեկը:

Օրջոնիկիձե Գրիգորի Կոնստանտինովիչ

(1888—1937)

Մանկուց նրան բոլորը պարզապես Սերգո էին կանչում: Տարիներ անց այդ անունը դարձավ հրաշալի կոմունիստի, հավատարիմ լենինյանի, սովետական հզոր արդյունաբերության կազմակերպիչներից ու ղեկավարներից մեկի՝ Գրիգորի Կոնստանտինովիչ Օրջոնիկիձեի կեղծանունը:

Հեղափոխականի իր ուղին Սերգոն շատ վաղ սկսեց: Տասնյոթամյա պատանի էր, Թիֆլիսի (Թբիլիսի) բուժակների դպրոցի աշակերտ, որ ակտիվորեն մասնակցում էր մարքսիստական խմբակների աշխատանքներին, բանվորների մեջ տարածում հեղափոխական գրականություն, թռուցիկներ:

Դժվարին էր բոլշևիկ հեղափոխականի կյանքը ցարական Ռուսաստանում: Օրջոնիկիձեն «ճաշակեց» ձերբակալություններ, աքսոր, բանտարկություններ Բաքվի ու Պետերբուրգի, Կրասնոյարսկի ու Սուխումի բանտերում:

1905—1907 թվականների ռուսական առաջին հեղափոխության ժամանակ Սերգոն զենք էր հայթայթում Կովկասի բանվորների համար, աշխատում էր Բաքվի նավթագործների շրջանում:

Օրջոնիկիձեն կուսակցական կարևորագույն առաջադրանքներ էր կատարում: 1917 թ. ամռանը, երբ Վ. Ի. Լենինը ոստիկանությունից թաքնվում էր Ռազլիվ կայարանի մոտ գտնվող քողտիկում, Օրջոնիկիձեն նրա համար բերում էր զինված ապստամբության կուրս վերցրած կուսակցության համագումարի նյութերը, հեռանալիս հետը տանում Լենինի հոդվածների ձեռագրերը:

Օրջոնիկիձեն Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության ակտիվ մասնակից էր:

Քաղաքացիական պատերազմի ժամանակ նա Ցարինցինի (այժմ՝ Վոլգոգրադ) պաշտպանության կազմակերպիչներից էր, Ս. Մ. Կիրովի հետ ղեկավարում էր Հյուսիսային Կովկասում սպիտակգվարդիականների դեմ մղվող պայքարը, ինտերվենտների ջախջախումը Կասպից ծովի ափին:

Քաղաքացիական պատերազմից հետո անցել էր հինգ տարի: Մեր երկրում ավարտվել էր պատերազմից քայքայված ժողովրդական տնտեսության վերականգնումը: