Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/361

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կոմունիստական կուսակցությունը նախանշեց ՍՍՀՄ-ում սոցիալիզմի հետագա կառուցման ծրագիրը: Հիմնական խնդիրը դարձավ երկրի ինդուստրացումը՝ ծանր արդյունաբերության և ամենից առաջ՝ մեքենաշինության ստեղծումը: Ֆաբրիկաների և գործարանների մեծ մասում մեքենաներն ու սարքավորումը մաշվել, հնացել էին, նոր հաստոցներն ու մեքենաները ներմուծվում էին արտասահմանից:

Անհրաժեշտ էր նորացնել և ընդարձակել հին ձեռնարկությունները, կառուցել նոր ու հզոր գործարաններ և էլեկտրակայաններ, ընդլայնել օգտակար հանածոների արդյունահանումը: Ինդուստացումը մեր երկիրը պետք է դարձներ տնտեսապես ուժեղ, կապիտալիստական երկրներից անկախ պետություն, ամրապնդեր նրա պաշտպանական հզորությունը, բարձրացներ ժողովրդի կենսամակարդակը:

1930 թ. կուսակցությունը Գրիգորի Կոնստանտինովիչ Օրջոնիկիձեին ուղարկեց ղեկավար աշխատանքի սոցիալիստական արդյունաբերության բնագավառում: Նա լավ գիտեր արդյունաբերությունը, միշտ լինում էր նորակառույցներում ու ձեռնարկություններում, սերտորեն կապված էր բանվորների, ինժեներների, տնտեսկան աշխատողների հետ:

Երկիրը վերածվել էր շինարարական վիթխարի հրապարակի, ուր օր ու գիշեր, ամառ թե ձմեռ բարձրանում էին ինդուստրիայի հսկաները: Լայն թափ էին ստացել Եվրոպայի ամենախոշոր հիդրոէլեկտրակայանի՝ Դնեպրի ՀԷԿ-ի, Թուրքեստանյան—Սիբիրյան երկաթուղու (Թուրքսիբի), Ստալինգրադի (այժմ՝ Վոլգոգրադ) տրակտորի գործարանի, Մագնիտոգորսկի, Կուզնեցկի մետալուրգիական գործարանների շինարարությունը: Ածխամետալուգիական նոր բազա էր ստեղծվում երկրի արևելքում:

Նոր գործարաններում ու ֆաբրիկաներում, դոմնային և մարտենյան վառարանների մոտ մարդիկ հաճախ էին տեսնում ծանր արդյունաբերության ժողովրդական կոմիսար, կուսակցության և ժողովրդի հավատարիմ զավակ Գրիգորի Կոնստանտինովիչ Օրջոնիկիձեին:

Իր փառավոր, հերոսական կյանքը Օրջոնիկիձեն անմնացորդ նվիրաբերեց բանվոր դասակարգի, կոմունիզմի գործին: