Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/43

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է, իսկ մոմը` փափուկ: Մինչդեռ այդ զանգվածը, սառչելով, փոխակերպվում էր ամուր նյութի` ցելյուլոիդի: Այդպես ստեղծվեց պլաստիկությամբ, այսինքն` ցանկացած ձև ընդունելու ունակությամբ օժտված առաջին նյութերից մեկը:

Անտառում սոճու բնի վրա խեժի թափանցիկ կաթիլներ տեսե՞լ եք: Նրա պլաստիկ հատկությունները վաղուց են հայտնի: Բայց դրանք ինչպե՞ս օգտագործես, եթե սառը տեղում խեժը պնդանում է ու դառնում շատ փխրուն, իսկ տաք տեղում յուղի պես հալվում է: Այդ խեժի օրինակով քիմիկոսներն ստեղծել են մարդկանց անհրաժեշտ հատկություններով օժտված բազմաթիվ արհեստական խեժեր: Բոլոր այն արհեստական նյութերը, որոնք տաքացնելիս փափկում են և հեշտությամբ ընդունում ցանկացած ձև, կոչվում են պլաստիկ զանգվածներ` պլաստմասսաներ: Պլաստմասսան սինթետիկ նյութերից մեկն է: Իր ընդունած ձևը այն լավ պահպանում է շնորհիվ իր հիմքի` պոլիմերի:

Գիտնականներն ստանում են ամենաանսովոր հատկություններ ունեցող պլաստմասսաներ: Դրանց մի մասը ամենալավ պողպատից էլ ամուր է, ուրիշներն ավելի ճկուն ու առաձգական են քան ռետինը, երրորդները բյուրեղապակու նման թափանցիկ են ու չեն ջարդվում: Պլաստմասսաներ կան, որ դիմանում են շատ բարձր ջերմաստիճանների, կան, որ 100 անգամ ավելի թեթև են, քան խցանը:

Կան նաև այնպիսի պլաստմասսաներ, որոնց տաքացնում են և արտաճնշում մազանման անցքերով հարմարանքի` կորզանի միջով: Շիթերը սառչում են ու դառնում թելեր: Այդպես է ստեղծվում կապրոնե կամ նայլոնեն մանրաթելը:

Բոլոր պլաստմասսաները չեն վախենում խոնավությունից ու քայքայիչ թթուներից, չեն ժանգոտվում ու չեն փտում: Պատրաստվում են էժան հումքից: Նրանք փոխարինում են փայտին, մետաղին, ապակուն: Իրենց արժեքավոր հատկությունների շնորհիվ պլաստմասսաները կիրառվում են արդյունաբերության, շինարարության, գյուղատնտեսության, բժշկության մեջ:

Պղինձ

Խոհանոցում, երբ անհրաժեշտ է լինում կաթսա գործածել, հաճախ կարելի է լսել «Պղինձը դիր կրակին», «Պղինձն ինձ տուր» կամ նման մեկ այլ արտահայտություն: Ժողովուրդը պղինձ մետաղը նույնացրել է կաթսայի հետ, որովհետև դեռևս ոչ հեռու անցյալում կաթսաները դրանից էին պատրաստում: Պղնձից էին նաև սափորները, սկուտեղները, աշտանակները, տնային գործածության բազմազան իրեր:

Թեև այժմ այդ իրերը պատրաստվում են ուրիշ նյութերից, բայց դրա փոխարեն, իր մի շարք հատկությունների շնորհիվ, պղինձը լայն կիրառություն է գտել տեխնիկայում:

Բոլոր մետաղներից միայն արծաթն է, որ հոսանքն ավելի լավ է հաղորդում, քան պղինձը, բայց փոխարենը երկրի վրա պղինձ հազար անգամ ավելի շատ կա, քան արծաթ: Ուստի պղնձից է պատրաստվում էլեկտրական սարքերի և մեքենաների այն դետալների մեծ մասը, որոնցով պետք է հոսանք անցնի:

Պղինձն ունի մեծ կռելիություն ու ձգելիություն և հեշտությամբ է ենթարկվում մշակման:

Ահա մեկ այլ արժեքավոր հատկություն ևս ուրիշ շատ մետաղների հետ պղինձը հեշտությամբ է համաձուլվածքներ