Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


մոլորակների՝ Մերկուրիի, Վեներայի, Մարսի, Յուպիտերի, Սատուռնի շարժումը: Այդ լապտերներից յուրաքանչյուրն ունի իր էլեկտրաշարժիչը:

Մեր երկրում առաջին պլանետարիումը բացվել է Մոսկվայում, 1929 թ.:

Այժմ պլանետարիումներ են գործում Լենինգրադում, Վոլգոգրադում, Ռիգայում և այլ խոշոր քաղաքներում, այդ թվում՝ մեր հանրապետության մայրաքաղաք Երևանում (1952 թվականից):

Պլանկտոն

Եկեք այցելենք գիտահետազոտական որևէ նավ և տեսնենք, թե ի՞նչ կա փոքր ու շատ նուրբ այն ցանցում, որ կենսաբաններն օվկիանոսից տախտակամած են բարձրացնում:

Ահա արձակված է ցանցի նեղ բացվածքը և ապակե անոթի մեջ է հոսում բաց երկնագույն, ջրիկ կիսելի նմանվող կիսաթափանցիկ ինչ–որ խյուս: Վերցնենք մաքուր ջրով լի բաժակն ու այդ տարօրինակ որսից մի քիչ լցնենք մեջը: Ջրում այն ասես հալվում է:

Իսկ այժմ զինվենք հզոր խոշորացույցով և զննենք բաժակի պարունակությունը: Մենք կտեսնենք փոքրի՜կ-փոքրի՜կ պարաշյուտների, առագաստանավերի, օդապարիկների, ձյան փաթիլների, աստղիկների նմանվող բազմաթիվ կենդանի էակների: Դա էլ հենց օվկիանոսի կենդանի հրաշքն է՝ պլանկտոնը, որը բաղկացած է չափազանց մանրիկ խեցգետիններից, մեդուզաներից, որդերից, շերեփուկներից, միաբջիջ ջրիմուռներից, ձկնկիթի հատիկներից, ձկնիկների ու փափկամորթների թրթուրներից:

Պլանկտոնի մեջ մտնող մանրիկ կենդանի օրգանիզմներն, ասես, ճախրում են ջրում: Նրանք իրենք բավականին վատ են լողում և տեղաշարժվում են, հիմնականում, հանձնված օվկիանոսային հոսանքներին ու քամուն: Այդ պատճառով էլ կոչվել են «պլանկտոն», որը հունարեն է և նշանակում է «թափառող»:

Ձկներն ու կետերն անդադրում հետապնդում են պլանկտոնի կուտակներին, որովհետև դա նրանց հիմնական սնունդն է: Եթե պլանկտոնը հանկարծակի անհետանար, ապա օվկիանոսի բոլոր խոշոր բնակիչները, նույնիսկ կետերը, սովից կոչնչանային:

Պլանկտոնը շատ սննդարար է: Այդ կենդանի «կիսելը» հարուստ է սպիտակուցներով, ճարպերով ու վիտամիններով և այնքան էլ վատ համ չունի: Այն միանգամայն պիտանի է իբրև մարդկանց սնունդ, և հնարավոր է, որ մարդիկ իրենց ճաշասեղանի համար սկսեն հայթայթել նաև պլանկտոն:

Հաշվարկները ցույց են տվել, որ ծովերում և օվկիանոսներում պլանկտոնի մաքուր կենդանի քաշը 20 անգամ ավելի մեծ է, քան մնացած բոլոր ծովաբնակ կենդանիներինը: Պլանկտոնը բնակվում է նաև քաղցրահամ ջրամբարներում: Սակայն հարկավոր է հիշել, որ պլանկտոնը չափազանց զգայուն է և արագ ու հեշտ ոչնչանում է բոլոր այն վայրերում, ուր արդյունաբերական զանազան թափոններն աղտոտում են Համաշխարհային օվկիանոսի մաքուր ջրերը:

Պլաստմասսաներ

Ավելի քան հարյուր տարի առաջ ամերիկյան ֆիրմաներից մեկը թանկարժեք փղոսկրին փոխարինող նյութ ստեղծելու համար մրցույթ հայտարարեց: Մրցույթին մասնակցեցին շատ գյուտարարներ, ինժեներներ, գիտնականներ: Դրանց մեջ էին Հայաթ գյուտարար եղբայրները: Շատ փորձերից հետո նրանք ստացան մածուցիկ, ծորուն զանգված: Տաք վիճակում այդ զանգվածը մշակվում էր նույքան հեշտությամբ որքան մոմը կամ կավը: Բայց պնդացած կավը փխրուն