Ջոկատավար
Առաջինը նա է կապել ձեր պիոներական վզկապը: Նրա շուրթերից եք դուք լսել պիոներական կոչի խոսքերը և ի պատասխան պատվի բռնել ձեր ձեռքը. «Մի՛շտ պատրաստ»: Այդ պահից սկսած ձեր ավագ ընկերը հետևում է ձեզ, ուրախանում ձեր հաջողություններով:
Լավ է, երբ այդպիսի ընկեր ունես: Դժվարին արշավի ժամանակ նա հոգնած մասնակիցներին ուրախ հարցնում է. «Դե, ի՞նչ եք տրտմել, քաջե՛ր», — և առաջինն է սկսում երգել: Երբ ձեզ հետ անհաջողություն է պատահում, նա նույնպես վշտանում է, բայց և քաջալերում է, բացատրում ձեր սխալը: Եվ դուք վերագտնում եք ինքնավստահությունը: Ավիամոդելագործներին ջոկատավարն օգնում է մոդելներ պատրաստել, պատանի բանաստեղծներին խորհուրդներ է տալիս, թե ինչպես պետք է ջերմոց կառուցել:
Իսկ որտեղի՞ց նա գիտե այդ ամենը:
Ձեզ օգտակար բաներ սովորեցնելու, ձեր բազմաթիվ հարցերին պատասխանելու համար ջոկատավարն ինքը շարունակ սովորում է, սովորում է մարզական դպրոցում, մոտոակումբում, գրադարանում: Այցելելով թանգարաններ ու ցուցահանդեսներ՝ նա ուշի-ուշով դիտում ու լսում է ամեն ինչ, որպեսզի հետո ամենահետաքրքրական տեղեկությունները հաղորդի ձեզ:
Ջոկատներ էլ կան, որոնց ավագ ընկերը՝ ջոկատավարը, ոչ թե մեկն է, այլ մի ամբողջ կոլեկտիվ՝ կոմունիստական աշխատանքի գործարանային մի ողջ բրիգադ:
Ջոկատավարին ձեզ մոտ է ուղարկել կոմերիտմիությունը: Ջոկատավարը ձեզ կսովորեցնի հարգել աշխատանքը, հպարտանալ ընկերների, մեր մեծ երկրի հաջողություններով: Նա կհուշի ձեզ, թե ինչ մասնագիտություն ընտրեք:
Կավարտվի ձեր պիոներական մանկությունը, և, գուցե, դուք նույնպես ջոկատավարներ դառնաք:
Ջրածին
Մի անգամ անգլիացի գիտնական Կավենդիշն զբաղված էր առաջին հայացքից տարօրինակ թվացող գործով. օճառի պղպջակներ էր արձակում: Բայց դա ամենևին էլ զվարճություն չէր:
Մինչ այդ նա նկատել էր, որ երկաթի խարտուքի վրա ծծմբական թթու լցնելիս առաջանում են ինչ–որ գազի բազմաթիվ պղպջակներ: Ի՞նչ գազ է դա: Գիտնականը բարակ խողովկներով այն դուրս բերեց անոթից: Գազն անտեսանելի էր, իսկ հոտ ունի՞ արդյոք: Ոչ, գազը նաև անհոտ էր: Այդ ժամանակ Կավենդիշն օճառի պղպջակները լցրեց այդ գազով: Պղպջակները հեշտությամբ վեր բարձրացան: Նշանակում է, գազն օդից թեթև է: Ապա նա վառեց գազը: Այն սկսեց այրվել երկնագույն բոցով: Բայց ա՜յ քեզ զարմանք՝ այրվելու ընթացքում ջուր առաջացավ:
Կավենդիշը նոր գազն անվանեց այրվող օդ: Չէ որ այդ գազը սովորական օդի նման անգույն էր, անհոտ ու անհամ:
Այս ամենը տեղի է ունեցել 18-րդ դարի երկրորդ կեսին: Իսկ ավելի ուշ ֆրանսիացի քիմիկոս Լավուազիեն կատարեց նաև հակառակ փորձը՝ ջրից ստացավ «այրվող գազ»: Նա էլ հենց նոր գազն անվանեց ջրածին, այսինքն՝ «ջուր ծնող»:
Հետագայում գիտնականները պարզեցին, որ ջրածինը մարդկանց հայտնի ամենաթեթև նյութն է, իսկ նրա ատոմները ամենապարզ կառուցվածքն ունեն:
Ջրածինը շատ տարածված է և կա ամենուրեք՝ տիեզերական տարածության մեջ, միջաստղային գազի և փոշու