Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/227

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

միայն հարավային պատին մեկ մասը կ՚ երևի արտաքուստ. ասկեց կհասկցվի նույնպես շատ հին շենք մ՚ ըլլալը. շինությանը համար գործածված քարերը, որոնք սպնգանման ծակոտկեն քարեր են, ոչ մեկ եկեղեցիի համար գործածված են այս կողմերը. պատին վրա՝ դուրսի կողմե, կամարանման պարզ գծաքանդակներ կան, որոնք իրարու քով երեք կույր պատուհաններու կնմանին։ Հայտնի է, նույնպես, թե այս եկեղեցին ուներ երբեմն պատերուն արտաքին ստորոտի շուրջանակի այն սանդղանման աստիճանաշարքը, զոր տեսանք Անիի և Վաղարշապատի մեջ, բայց հետո քանդեր են. թեև ցարդ հիմքերը կմնան թե՛ պատին վրա և թե՛ գետինը։ Ներքուստ ամենասիրուն մասնատուփի մը տպավորությունը կընե տեսնողին վրան։ Երկայնությունն է՝ խորանին թիկունքեն մինչև սեամը՝ 8 մեթր, լայնքը՝ 7 մեթր։ Կիսով չափ պատին մեջ հենված ութը սյուներու վրա կկանգնի փոքրիկ սիրուն գմբեթ մը, ներքուստ և արտաքուստ տեսանելի։ Մկրտության ավազան չունի։ Խորանին երկու կողմի սենյակներուն մեջ կան վեմ քարեր, նույնպես ասոնք ալ կրկնահարկ են, թեև վերի մասերուն ճակատները ծեփված են և փոքր ծակեր միայն մնացած. երկու կողմի կիսաբոլորակաձև թևերեն աջակողմյանին մեջ է Պետրոս Գետադարձի շիրիմը, իսկ ձախակողմյանին մեջ՝ Թեոդորոս աբեղա Սանատրուկինը. այս երկու շիրիմներն ալ 19-րդ դարու սկիզբը հոս փոխադրած են վանքին գերեզմանորեն։ Եկեղեցվո ներքնակողմը քարե չէ, բայց ծեփված է կիրով․ հավանաբար դար մը առաջ միայն, և թերևս այդ ծեփին շնորհիվ է, որ գլխավորաբար սյուներուն տրված է բոլորշի ձև մը, զի մատնահարված ատեն սյուներուն ճակատին և նրա կողմերուն վրա դատարկության, իսկ մեջերը լեցունության ձայն կլսվի։ Ծեփին ներքև հավանաբար սյուներուն նախնական ձևը անկյունական էր։ Այս եկեղեցիին վրա ալ չկա ոևէ հնագույն արձանագրություն։ Առաջակողմը կա գավթամաս մը, հետին ժամանակի գործ. կամարակապ ձեղունով։

Գ. (ս. Նշանի տաճար) Կավանդվի շինված լինել ԺԱ դարուն, Սենեքերիմ թագավոր Արծրունիի ձեռքով. թեև չկան այս մտոք քարի վրա արձանագրություններ, թե՛ ընդհանուր քաղաքի և գյուղերու ավանդության և թե՛ պատմական գրվածքներու վկայությունները անհակառակելի կերպով զայս կհաստատեն։ Երկայնությունն է 19 մեթր, լայնքը՝ 10½ մեթր, ավազանն է աջակողմյան դասին մեջ կարմրանշված տեղը, երկու կողմի սենյակներուն մեջ կան վեմ քարեր. ասոնք պզտիկ մատուռներ են ս. Պողոս և ս. Պետրոս