Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/314

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

148. ՍՏԵՓԱՆ ԼԻՍԻՑՅԱՆԻՆ

1919, 21 օգոստոսի
Ալեքսանդրապոլ

Մեծարգո և ազնիվ բարեկամ պ. Ստեփան Լիսիցյան,

Նախորդ նամակս և աշխատություններես ղրկած օրինակներս ստացած կլինիք։ Ներկա նամակովս Ձեզ մի ուրիշ նեղություն տալ ստիպված եմ կանխավ ներողություն խնդրելով։

Մենք չի կարգադրեցինք, թե ամսե ամիս ինչպես կամ ինչ միջոցով պիտի ստանամ ամսականներս այստեղ, որովհետև օգոստոսը գրեթե ելավ և սեպտեմբեր ենք մտնում, ես հնարավորություն չունեմ ոչ այդտեղ գալ և ոչ ալ այստեղ ստանալու։ Պ. Լևոնյանը ինձ գրել էր, որ Թիֆլիսի հետ գործ ունեցող մի վաճառականի հետ կարգադրեմ։

Այժմ նամակիս միջոցավ Ձեզ ղրկում եմ մեր քաղաքացի վաճառական պ. Մկրտիչ Ամիրջանյանի հասցեն, եթե կարելի է թող խոսեն անոր հետ (Ափրիկյանի քարվանսարա), որ ոչ միայն այս անգամ, այլ ամեն ամիս ինձ վճարեն այստեղ և ստանան այդտեղ: Իսկ այս անգամ, եթե կարելի է վճարել օգոստոս և սեպտեմբեր ամիսները միասին (արդեն մինչև կարգադրելը սեպտեմբերը կհասնի), որովհետև սեպտեմբերի մեջ անպատճառ պիտի մեկնեմ Էջմիածին և եթե հնար լինի նաև Անի, հետևաբար սեպտեմբերին հազիվ քանի մը օր այստեղ լինիմ։

Անիի գործս1 բոլորովին անորոշ մնաց, թե ի՞նչ հետևանք ունենալու <է> չգիտեմ, եթե առիթ կունենաք պ. Զավրիևին հետ խոսելու, բարի եղեք հարցնել, եթե այդ գործը ինձ չի հանձնելու, պատրաստ եմ վերադարձնել ինձ տրված գումարը։

Ընդունեցեք խորին հարգանքներս համայն ընտանյոք՝

Թ. Թորամանյան