Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/290

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թաղվելու համար։ Դարձեր եմ իսկական մի մենամոլ, և առանձնության մեջ միայն կարողանում եմ փոքր ինչ սփոփանք գտնել։

Արդ ի՞նչ օգուտ կունենա իմ Թիֆլիս գալս, երբ հոգվույս ու սրտիս անբաժան կպած ցավերս ալ պիտի բերեմ միասին և զՁեզ դատապարտեմ ինձ հետ բաժնելու, երբ գիտեմ, թե առանց այն ալ Դուք Ձեր ցավերն ունիք։ Շատ պարզ է, որ Թիֆլիս գալով բնավ չպիտի ուրախանամ. շրջապատը զիս ինքնամոռացության չի տանելե զատ, գուցե ավելի մելամաղձոտ պիտի դարձնե։ Ուստի իմ բոլոր սրտի անկեղծությամբս շնորհակալ լինելով՝ ստիպված եմ մերժել Ձեր պատվական հյուրասիրությունը։ Միայն թախանձագին կխնդրեմ, որ երբեմն գրեք՝ Ձեր ազնիվ սրտակցության ապացույցները վերանորոգելու համար, այդ արդեն բավական է ինձ իբր սփոփանք2։

Ընդունեցեք բարեմաղթություններս համայն ընտանյոք՝

Ձեր Թ. Թորամանյան

Հ․ Գ. պ․ Տարագրոսի նամակը դնում եմ Ձեր ծրարի մեջ․ խնդրեմ շնորհ՝ զայն իրեն հասցնելու, ուր որ ալ լինի։

Նույն

133. ԳԱՐԵԳԻՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ

1915, 24 հունիսի
Ալեքսանդրապոլ

Բարձրապատիվ հ<այր> Գարեգին,

Ներեցեք, որ մի քիչ ուշացա պատասխանելու․ երկար մտածեցի ինչպես ըսիք, թեքվելով միշտ դեպի ընդունելու կողմը, բայց դժբախտաբար որևէ հնարավորություն չեմ գտնում, որ ընդունելով ինձ առաջարկված պաշտոնը1, մյուս կողմեն չի խանգարեմ՝ լավ թե վատ, փոքրիշատե գտնվածս նորմալ դրությունը։

Բնավ ի նկատի չեմ առնում այդ պաշտոնին համար իմ բոլորովին անփորձությունը, որ թերևս Ձեզ իսկ երբեմն մատնե անախորժ դրության, քանի մեզ շրջապատողները մեծավ մասամբ այդ ճյուղին կարևորությունը գնահատելե շատ հեռի են, այնուամենայիվ, ես վստահացած Ձեր փորձառության և խորհուրդներուն, կհանդգնեի մտնել այդ նոր ասպարեզին մեջ, եթե նյութական կարողությանս մեջ հառաջ գալիք աննպաստ հեղաշրջումը արգելք չի լիներ: