Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/300

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գաղտնիք չեն ինչ որ մեջ բերած եմ, իսկ «Գեղարվեստ»-ի ընթերցողերն էլ անպայման կարող են համոզված լինել, որ առանց հաստատուն վկայության և հիմնական փաստեր ունենալու մի բառ անգամ գրողներեն չեմ։

Ինչպես խոստացեր եք, անշուշտ հառաջիկա համարի մեջ ամբողջովին կզետեղեք հոդվածս և ինձ համար միայն հարյուր օրինակ արտատպություն կհանեք։

Ես մտադիր եմ այս կարևոր նյութը ալ ավելի ընդարձակ ծավալով և շատ մը պատկերներով առանձին հրատարակել, այն ժամանակ բոլոր ծանոթություններ և վկայություններ պիտի մտցնեմ իսկ և իսկ texte-ին մեջ4։

Այժմ Ձեզ ղրկում եմ վեց պատկեր, որոնց ետևները գրված են, թե ի՞նչ պիտի գրվին ներքևները։ Իսկ հատակագծի վրա եղած մատիտով թվանշաններու տեղ Դուք կփոխարինեք տպագրական կամ ձեռագիր լավ թվանշաններով։

Անկախ վեց պատկերներեն, մի լուսանկար ևս կա Զվարթնոցի մոտ Ներսեսի ապարանքի ավերակները ներկայացնող, ասոր վրա թիվ չեմ նշանակած։ Եթե կարելի է, Զվարթնոցի մասին խոսելու սկզբնավորության ժամանակ պատշաճ մի տեղի վրա կզետեղեք, շատ հետաքրքրական է իր ամբողջությամբ և մինչև այժմ դեռ ոչ մի տեղ չէ տպված։

Ստացա Ձեր առհաշիվ ղրկած 40 ռուբլին. շնորհակալ եմ։ Մաղթելով Ձեզ հաջողություն և կարողություն, մնամ հարգանոք՝

Ձեր Թ. Թորամանյան

Հ. Գ. Առանձնապես խնդրում եմ, որ երկրորդ սրբագրությունը ինձ ղրկեք։

141. ԳԱՐԵԳԻՆ ԼԵՎՈՆՅԱՆԻՆ

1917, 15 նոյեմբերի
Ալ<եքսանդրա>պոլ

Հարգելի բարեկամ, պ. Գ. Լևոնյան,

Երեկ ստացա Ձեր ամսիս 9 թվական նամակը, շտապում եմ պատասխանել Ձեր առաջադրած հարցերին։

Գրում եք, որ վեց պատկերի քլիշե տվել եք պատրաստելու, մինչդեռ պետք է 7 լինի․ արդյոք, ես մոռացե՞լ եմ ղրկելու, թեև այստեղ փնտրեցի և չի գտա։ Ղրկածներս հետևյալներն են․

Ներսեսի ապարանքի ընդհ<անուր> տեսքը լուսանկար, աոանց թվագրելու, որուն համար գրեր եմ նամակիս մեջ, որ հարմար տեղում զետեղեք։ Իսկ հետո կուգան թվագրվածները այս կարգով։