Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/312

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ես արդեն ձեռնարկել եմ լրջորեն Զվարթնոցի աշխատության, սակայն սաստիկ նեղվում եմ գրքերուս կորած լինելուն2 պատճառով, մոլորվել եմ, թե ինչպե՞ս պիտի կարողանամ հառաջ տանել գործս ուզած կերպովս. ինչպես կերևի, անգամ մը և հակառակ ցանկությանս ստիպված պիտի լինիմ Թիֆլիս գալու, որպեսզի պետք եղածը կարենամ անել այդտեղ գտնված մատենադարաններից օգտվելու համար։

Երևի սեպտեմբերի մեջ կգնամ Էջմիածին՝ Զվարթնոցում աշխատելու համար. Անի գնալու դեռ հնարավորություն չեղավ, մեր Լուսավորության նախարարության կամ Հնագիտական մասնաժողովի գործունեութենեն ոչինչ հայտնի չէ ինձ. այստեղ պ. Աշխարհբեկ և պ. Զավրյան զիս հավատացրին, որ առառավելն 10—15 օրից հրահանգ կստանամ զինվորական վարչության միջոցով ապահովված Անի գնալու3 համար, բայց մինչև այսօր մոտ երկու ամիս է ոչինչ կարգադրություն չեմ ստացել։ Չգիտեմ հետո պատասխանատվությունը ո՞ւմ վրա կմնա։

Առայժմ տնտեսական դրություննիս վատ չէ. համեմատելով Թիֆլիսի հետ ամեն բան թանկ է, բացի հացից և մսից. հացը արժե 7 ռ. (սպիտակը) իսկ միսը 6 և 8 ռ., մրգեղեն և կանաչեղեն համարյա դեռ չկա։ Միայն մեր ամենամեծ մխիթարությունը այստեղ օդի զովությունն ու ջրի առատությունն է։ Գիշերները գրեթե տակավին ցուրտ է, իսկ ցերեկն ալ արտակարգ շոգ չենք տեսել. այժմ երևակայում եմ Ձեր դրությունը Թիֆլիսի խեղդող տոթին մեջ։

Կինս ու երեխաներս ամենս էլ առողջ ենք. սիրով ու հարգանոք կբարևեն, և առողջություն մաղթելով՝ մնամ Ձեր

Թ. Թորամանյան

Հ. Գ. Խնդրում եմ մի մոռանաք մի լավ խոշորացույցի համար Ձեզ արած հանձնարարությունս։ Իսկ գործիքների4 համար պ. Լևոն Լիսիցյանը խոստացավ, որ ինք կհոգա. եթե կտեսնեք զինքը՝ բարի եղեք հիշեցնել։ Իսկ Դուք ե՞րբ պիտի գաք մեզ մոտ, ամենքս ալ սպասում ենք։

Նույն