Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/495

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Որովհետև պ. Հով. Միրզոյանցը Ղարաքիլիսայից ավելի խորը տանելու հնարավորություն չուներ, ես ստիպված էի դարձյալ անդադար միջոցներ որոնել ավելի հեռացնելու համար, սակայն բոլոր ջանքերս ապարդյուն անցան: Հուսահատ ու ճարահատ, թուրքերու Ղարաքիլիսա խուժելեն երկու ժամ առաջ, ռումբերու և գնդակներու տարափի տակ հազիվ կարողացա ընտանիոքս փախչել, ամեն ինչ թողնեքով դժբախտ ճակատագրին: Գրեթե ոտաբորիկ և մերկ այս փախուստես հետո ոչ միայն գիտական աշխատանքներս, այլև ամբողջ ընտանեկան կահ-կարասիքս ու առնվազն ամբողջ տարվան ճոխ պարենավորման մթերքներս միանգամայն չքացան։

Այժմ քաղածս հավաստի տեղեկությունները ապացուցանում են, որ ընտանեկան գույքերիցս և պարենավորման մթերքներիցս ոչինչ չէ մնացած, իսկ գրական ու գիտական աշխատություններիցս այլանդակված ու անպետքացած աննշան բեկորներ միայն մնացած են։

Կորուստներուս մանրամասն ցուցակը կազմել խիստ դժվար է: Հետևյալ ցուցակին մեջ աշխատեր եմ հնար եղածին չափ, խիստ կարևոր մասերը ցուցակագրել, որոնք գրեթե ամբողջական վիճակի մեջ էին. իսկ մյուս մասերը ըստ ամենայնե վերականգնել անհնար է, միայն ի նկատի ունենալով տասն և վեց տարվան անդադար աշխատանքիս արդյունք լինելը և անոնց պատմագիտական արժեքս, թող բավական լինի ընդհանուր գծերով տված ցուցմունքներս, այս անփոխարինելի կորստյան ընդհանուր արժեքը վճարելու համար։

Գրական ամբողջացած կամ ամբողջանալ<ու> մոտ աշխատություններ

1

Հայ-ճարտարապետական բառարան

Մեր հին գրականության, նաև գավառաբարբառներու ու ռամկաբարբառներու մեջ գործածված ճարտարապետական բառերու ընդարձակ հավաքածո է այս աշխատությունը: Հնար եղածին չափ մանրամասն ուսումնասիրված և լուսաբանված են յուրաքանչյուր բառի հին և նոր առումները և գործ<ած>ական եղած ժամանակաշրջանները: Բառեր կան, որոնք ոչ հին և ոչ նոր գրականության մեջ գործ<ած>ական չեն, այնուամենայնիվ, ժողովուրդը գավառաբարբառի մեջ պահեր է շատ անգամ ճիշտ և բնորոշ առումներով: Այս բառերը ընդհանրապես զուտ հայերեն են, մասամբ ալ եթե օտար՝ այնուամենայնիվ շատ հին ժամանակներն ի վեր հայացած ածանցներով կամ մասնիկներով, որոնք վերին աստիճան բնորոշ և մեկին կերպով լուսաբանում են շենքի այս կամ այն մասը կամ շինվածանյութերու այս կամ այն տեսակները ու գործածության կերպերը:

Համեմատական ուսումնասիրության և ստուգաբանության ենթարկած եմ խիստ շատ բառեր հին և նոր գրականության և ժողովրդական բարբառներու տվյալներով: Նաև մատնանշված են մեծ մասամբ բառերու աղբյուրները՝ գրականության մեջ գործածված պարագայի ամբողջական հատվածներու արտագրությունով, իսկ ժողովրդական բարբառներու մեջեն հավաքած բառերուս՝ նշանակած եմ գործածության երկիրը կամ գավառը և կամ նույն բառերեն ինձ տվողների անունները:

Բացի ճարտարապետական բառերե, հավաքել եմ նաև իբրև հետաքրքրական և շահեկան նյութ հայ գեղարվեստի ուսումնասիրության համար, մեր հին գրականության