Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բ. ՀԱՏՈՐՈՒՄ ԿԻՐԱՌՎԱԾ ՏԵՔՍՏԱԲԱՆԱԿԱՆ

ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՆՇԱՆՆԵՐԸ

Ա.–ի երկերի տեքստը հրատարակության համար պատրաստելիս կիրառվել են հետևյալ տեքստաբանական սկզբունքներն ու նշանները.

1. Պահպանվում են Ա.-ի լեզվի ուղղագրական առանձնահատկություններն ու կետադրությունը:

2. Գրաբար տեքստերը տրվում են հին ուղղագրությամբ:

3. Բնագրերում, իսկ բնագիր չունեցող երկերի համար՝ առաջին տպագրության մեջ եղած ուղղագրական–լեզվական սխալներն ուղղված են տեքստում, իսկ տողատակ տրվում է ուղղված բառը բնագրում եղած ձևով։

4. Բնագրում հեղինակի արած տողամիջի կամ լուսանցքային հավելումները տպագրվում են շեղատառով, իսկ ընդգծած բառերը՝ ցրիվ:

5. Պահպանվում է հատուկ անունների հնաձև և օտարաձև տառադարձությունը, ինչպես և մի շարք գոյականների (օրինակ՝ Հայ, Հռոմեացի, Հրեա, Պարսիկ և այլն) սկզբի մեծատառը, ինչպես որ կա բնագրում։

6. Տվյալ բառաձևից՝ միայն բառարմատը պահպանելով և կամ այլ ձևով կազմված նոր բառի դեպքում տողատակ տրվում է նախկին բառաձևը՝ հավասարության նշանով ( = ) և ապա նորակազմ բառը. այսպես, օրինակ՝ Բերկրալի=բերկրախորժ, երգեցի=երգեի և այլն:

7. Բնագրում հեղինակի ջնջած բառերը կամ առանձին նախադասությունները տրվում են տողատակ ուղղանկյուն [ ] փակագծերում։ Բացառիկ դեպքերում ջնջված բառը նույն փակագծերով վերականգնվում է տեղում, եթե տվյալ ջնջված բառը հեղինակը չի փոխարինել համապատասխան նոր բառով։

8. Նույն երկի մեկից ավելի հեղինակային ձեռագրերի առկայության դեպքում նրանց միջև եղած տեքստային տարբերությունները տրվում են տվյալ երկին վերաբերող ծանոթագրություններում։

9. Սուր < > փակագծերի մեջ են առնվում՝

ա) Հեղինակի թերի թողած կամ կրճատ գրած բառերի լրացրած մասերը։
բ) Խմբագրության կատարած այլ լրացումները:
գ) Բնագրի անընթեռնելի բառերի մասին նշումները։

10. Հեղինակի ( ) փակագծերը պահպանվում են իրենց տեղում:

11. Չափածո երկերի բաժնում («Աղասու խաղը», «Պարապ վախտի խաղալիք» և այլն) ձախ լուսանցքի առաջին շարքի թվերը ցույց են տալիս Ա-ի ինքնագրերի էջերը, համաձայն Գրական Թանգարանի արխիվում կատարված համարակալման, երկրորդ շարքինը՝ չափածո երկի տողերի քանակը՝ հաշված տասնյակներով, իսկ աջ լուսանցքի թվերը ցույց են տալիս բնագրի քառաթերթ համարակալումը, որ կատարել է հեղինակը գրելիս։

12. Տողատակի նշումները համարակալվում են արաբական թվանշաններով, իսկ հատորի վերջում տրվող ծանոթագրությունները՝ նույն թվանշանով և կից փակագծով։