Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/113

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ շունչ էլա հանի։ Էլ Փամբակու Հայերը Պարսից խորամանկությունը լավ իմանալով և իրանց քաշած դառն օրերը միտք բերելով՝ ամեն տեղ պատրաստություն էին տեսել։ Պարնի գեղը, Գյումրի՝ որը բերդ ուներ, պատերը շինել, մեջն էին մտել։ Խլղարաքիլիսեն բերդ ու էր չունենալով՝ սելեր ու քութան իրար վրա էր դրել՝ սանգար կապել, ունեցած չունեցած էնտեղ ղայիմացրել՝ գեղարենքն էլ իրանց մեջ առել․ ինչ հին ժամանակից թուր, թվանք ունեին՝ հավաքհլ, տղամարրիքը գիշեր, ցերեկ ասպաբավորած, օղլուշաղը էնտեղ էին հավաքել, տավարը բերդի տակն արել, որովհետև նրանց մեծ հարստությունը տավարն ա, գիշեր, ցերեկ ղարավուլ էին քաշում։ Հանդն էլ բազմությունով էին գնում. ճամբեքը՝ համարյա թե՝ փակվել էին․ շատ գիշեր, շատ վախտ էլ՝ Քրիստոսի խոսքին չէին մտիկ անում, մեկ Թուրք աչքը թեքելիս, գլուխը հետն էր թեքվում։ Չունքի յայլաղի ժամանակն էլ էր, Թուրքերը լավ էին իմանում՝ թե էշը ո՞րտեղ ա կորել, ու ինչ տեղ ուզում էին՝ որ իրանց գազանությունը բանեցնեն, իրանց արինը իրանց սիրտն էր թափում, չունքի թե քիչ՝ թե շատ՝ էլի Փամբակու, Լոռվա, Ղարաբաղու, Մշու, Բայազդի Հայերը՝ սարում, չոլում մեծանալով, շատ տերտերի ու ժամի ձեն չլսելով՝ մինչև էս օր էլ իրանց սոպռության հետ՝ էն քաջ տղամարդության հոգին էլ ունին, որը որ ունեցել են մեր անհաղթելի նախնիքը։ Ու տեղն ընկած վախտը՝ էլ ավետարանի ու վարդապետի խոսք նրանց չէր վախացնում՝ թե որ արին վեր ածեն, դժոխքը կերթան, ու մատը բարձրացնողի՝ սաղ ձեռն էին բերանը կոխում, հավ թռցնողի՝ գլուխը թռցնում։ Էս էր պատճառը՝ որ Թուրքերը՝ էս օր էլ էս ձորերովը անց կենալիս՝ էնքան քարափի լեռ քարիցը չեն վախում ու գետի կատաղությունիցը որքան քարափների բերնիցը՝ որդիանց որ լոռըցոնց թվանքի գյուլեն, կամ մեկ լդրանի թուրը անցկենողի գլուխը սոխի պես էին թողնում, ու իրանց թշնամու մարմինը, իրանց ձորերին մատաղ անում։

Մենակ Դսեղեցի Մեհրաբյան Թումանյան Հովակիմի անունը քարերը սասանացնում էին։ Սարերի, ձորերի միջում մեծացած, գազանի ու հարամու արինը թափելով էր նրա ոսկոռները հաստացել։ Երկու տղամարդ նրա մեջքը չէին կարող խտտել, հինգ մարդ նրա մեկ ձեռը չէին կարող ոլորել, նրա գլուխը մեկ օր չէր ցավել։ Կերածը մեղր ու կարաք էր, հաքածը շալ, կոխածը ծաղիկ ու չիման․ աղբրների վրա, մեշի միջումն էր նա օրորոցումը աչքը բաց արել։ Նրան ի՞նչ կդիմանար։ Աժդհա, ու ոչ տղամարդ։ Չորս գազ ու կես բոյն էր, գազ ու կես թիկունքի լենությունը, դոշը ապառաժի պես հաստ, ամեն մեկ ձեռը մեկ սնի դադար, ամեն մեկ ոտքը մեկ կաղնու ճուխկը, շլինքը մեկ ծառի քոքի հաստությունով, երեսը՝ մազն էկել, կոխել՝ երկու թիզ ճակատի տակին՝ սև սև ունքերն էնպես էին բռնել ու նրա արծվի աչքերն ու քիթը կոխել, ինչպես կարկտախառը ամպը՝ գիշերվան աստղերը։ Քիթ ու պռունկն էնպես էին մազի միջումը կորել՝ ինչպես մեկ ապառաժ քար ջանջալի, թփի միջումն։ Ութ ախպեր ուներ, մեկը քանց մեկը աժդհա, ամեն մեկը հինգ, վեց որդի ունեին, շատի չէ թե հարսանիքն էին մենակ նրանք տեսել, թոռներն էլ մեծացել, առաջներին խաղում, սարն էին գնում։ Վաթսուն ջանից ավելի հոգի՝ հարս, փեսա, թոռը, ծուռը՝