Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/120

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շուտով մեր ձենը առ Աստված հասնի։ Երեխե՛ք, չոքեցե՛ք. ծունր դրե՛ք, ձեր՝ էս սհաթի ամեն մի շունչը՝ Աբելյան պատարագի պես երկինքը կվերանա. հանեցեք թրըներդ, թո՛ղ տեր հայրն օրհնի»։

Տան կտրներին, հայաթի միջին, դաշտի երեսին, հողի բաց դոշին, երկնից առաջին, աստղերի տակին նրանք չոքեցին, նրանք կանգնեցին։ Էրեխանց ձենը, տղայոց լացը, ծնողաց սուքը, նրանց մաղթանքը, իրար հետ խառը երկինքն վերացան։ Հերը որդին օրհներ, մերը զավակն հանձներ։ Մութն ու խավարը քիչ քիչ հեռանար, լիսն ու արևը՝ ծանր մոտանար։ Երկիրը նրանց արտասունքը սրբեց, երկինքը նրանց աղոթքը լսեց, ուրախ երեսոք տեղից վեր կացան․ տերտերի ձեռը, խաչն, ավետարան ճակատին դրին նրանք, համբուրեցին, ձեռ ձեռի տված՝ իրար սիրտ գրին, աչքները սիրով երկինքը քցեցին․ թե մահ էլ, թե կյանք նրանց հանդիպին, իրար հետ ապրին, իրար հետ մեռնին, իրար հետ արին թափեն ու կռվին, իրար հետ թաղվին, իրար հետ պսակվին։ Ահ ու տխրություն էլ չէ՛ր երևում. երեսն արև, լիս դառած՝ փայլում, արինն սրտիցը կրակի պես վառվում, հոգին մարմնիցը ձեն տալիս, ասում․ էլ մի՛ կորցնեք դուք ձեր ժամանակն, գրվեց երկնքումը ձեր սուրբ հիշատակն։ Սար ու ձոր հրեն ոտն են վերցրել, գալիս ձեզ վրա՝ ոտնատակ անել, բայց ձեր քաջությունն՝ երկնից զորությունն կարեն աշխարքումս թողալ ձեր անունն, թե սերն ու հավատն, հայրենյաց նախանձն, որքան զորավոր են ու շնորհապանծ, որ մինն հազարին կարա խորտակիլ, երկուսը բյուրին կոտրիլ, նվաճիլ։ Ձեն տվին միմյանց, սիրտ տվին միմյանց՝ օրհնության առան, գնացին ի բաց։

Բայց անմեղ Վարդանն մինչև էն վախտը, շլինքը ծուռը, աչքերը գետնին՝ մեկ հորը նայելով, մեկ լացը սրբելով, մեկ ախ քաշելով, մեկ սիրտը բռնելով, խալխին նայելով, սուքը կուլ տալով, երկնքին աղոթքը, երկրին արտասունքը տալով, հանելով։ Մեկ ձեռը թրին, մյուսը հոր ուսին, հոր ճտովն ընկած՝ լար ու մղկտար՝ աչքերը լցրած։ «Անուշ իմ դու հա՛յր, անգին բարերար, իմ կենաց տվող, իմ հոգուս դու ճար։ Մկամ տո՞ւնն կարա իմ ոտը փակել, մկամ չի՞մ կարա իմ աչքը կապել։ Մի՞թե էս արինն՝ ինձ դո՞ւ չես տվել, մի՞թե էս ջան՝ ինձ դո՞ւ չես բաշխել. կարե՞ն դինջանալ, ինձ հանդարտ թողալ։ Բանդումն էլ ըլիմ՝ ոտս բխովումն, մահն իմ առաջիս, սուրն իմ դոշումս, էլ քեզ կուզեմ, որ ես իմ հոգիս տամ, քո վոտիդ տակին մեռնիմ, հող դառնամ, որ ես քո կոխկումն ա՜խ՝ չըլիմ կանգնած, իմ կյանքը քեզ չտամ, հոգիս քեզ առաջ։ Հետո քո ոտը երեսս կոխի, հետո բերանդ իմ հոգիս օրհնի։ Ա խ՝ հայր իմ, հմայր իմ՝ քո րրէղ մեռնիմ, առանց քեզ մեկ օր թող ես լիս չտեսնիմ. մեռնիմ՝ ինձ թաղի՛ր, ապրիմ՝ ինձ պահի՛ր. ինձ տա՛ր քո հետը, ինձ մի՛ սպանի՛ր։ Տե՛ս՝ էս սուրը որ ձեռիս բռնած եմ, առանց թշնամու՝ իմ սիրտս կխրեմ, մինչև քո աչքի, քո տան առաջին հարիր թշնամի քեզ մատաղ չըլին․ մինչև էս ձեռը՝ քեզ գյուլա քցողին՝ հավի պես չմորթի քո ոտիդ տակին, մինչև էս թուրը հարիր թրավորի՝ շլինքն առաջին կամ ձիու փորի տակին չջարդի էլ ո՞ւր մնա. իմ կերած քթովս չի՞ դուս գա»։

«Չէ՝ հա՛յր իմ, հա՛յր իմ՝ քեզ մատաղ ըլիմ, ինձ էլ տա՛ր հետդ՝ որ ես էլ կռվիմ։ Աշխարք իմանա՝ թե քաջ Վարդանի ցեղն ու բոլոր ազգն՝ անմահ,