Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/24

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իմ ազի՛զ բարեկամք. թե չէ, որքան էս կապուտ երկինքը գլխիս ա, շունչս բերանումս, ձե՛զ, ձե՛զ սուրբ պետք է համարիմ ինձ համար, ձեր արևի՛ն մեռնիմ:

Բայց ա՜խ՝ ե՞րբ ա երկինքը մեկ կերպի մնացել՝ որ մարդի սիրտը մնա: Հենց մի փոքր մտքիս արևը երևաց թե չէ, էլի սև սև ամպերը գլխները բարձրացրին, էլի կայծակ ու որոտումն սրտումս մեյդան բաց արին: Ջուրն ընկնիլ էլ չէի կարող, չունքի աստուծո ահը մտքումս, անմեղ քոռփիս ձենը անկաջումս էր, սերն ու ծնողական գութը ջիգյարումս. ես դինջանայի, էթըմին ո՞վ պահեր:

Բանը հենց էս էր՝ որ ասում էի մտքումս՝ թե նստիմ, ինչքան խելքս կբերի, մեր ազգին գովեմ, մեր երևելի մարդկանց արած քաջությունները պատմեմ, էլի մտածում էի, թե ու՞մ համար գրեմ, որ ազգը լեզուս չի՛ հասկանալ: Թեկուզ Ռսերեն, Նեմեցերեն, յա Ֆրանցուզերեն գրած, թեկուզ գրաբառ՝ տասը՝ կըլի որ հասկանային, բայց հարիր հազարի համար՝ թեկուզ իմ գրածը, թեկուզ մեկ քամու ջաղաց: Ախր որ ազգը էն լեզվովը չի՛ խոսում, էն լեզուն չի՛ հասկանում, սաքի հենց բերնիցդ էլ ոսկի վեր ածի՛ր, ու՞մ պետք է ասես: Ամեն մարդ իր սրտի խարջ բան կուզի: Քո ղաբլու փլավն ինձ ի՞նչ օգուտ, որ ես չե՛մ սիրում: Ում հետ էլ որ խոսում էի, էն էին թանխա տալիս՝ թե մեր ազգը ուսումնասեր չի՛, կարդալը նրա համար գին չունի, բայց ես տեսնում էի, որ մեր կարդալ չսիրող ազգը Ռոպենսոնի պատմությունը,2) Պղնձե քաղաքի հիմար գիրքը3) ձեռնե ձեռ էր ման ածում: Էս էլ լավ գիտեի, որ ինչ երևելի ազգեր կան, բոլորն էլ էրկու լեզու ունին, հին ու նոր: Ախր թե լուսավորյալ լեզուն լավ ա, ու քարերն էլ պետք է՝ տրաքին ու հասկանան, էլ տոնլուզ, նշան, պատիվ ո՞ւր են տալիս դիլբանդին: Էն լեզվագետ իմաստունը՝ թո՛ղ գնա, կանգնի, գոռա, ջանը դուս գա, լսողը թո՛ղ՝ ինքը հասկանա, լուսավորյալ գլուխն ափսոս չի՛, որ ցավի:

Միտք էի անում, որ գիժն էլ էս չի՛ անիլ: Էլի էսպես մտքիս հետ ընկած՝ շատ անգամ որ ղոնաղ էի գնում, յա քաղաքովն անց կենում, ուշ ու միտքս հավաքում էի՝ թե տեսնիմ խալխը խոսալիս, քեֆ անելիս, ի՞նչ բանից ա ավելի հազ անում: Շատ անգամ տեսնում էի, որ մեյդանում, փողոցում մեկ քոռ աշըղի է՛նպես են հայիլ մայիլ մնացել ու կանգնել՝ անկաջ դնում, փող բաշխում նրան, որ բերնըների ջուրը գնում էր: Մեջլիս ու հարսանիք հո՝ առանց սազանդարի ե՞րբ հացը կուլ կերթար: Ասածները Թուրքերեն էր, շատը մեկ բառ էլա չէր հասկանում, ամա լսողի տեսնողի հոգին գնում էր դրախտը, ետ գալիս: Միտք արի, միտք արի․ մեկ օր էլ ասեցի ինձ ու ինձ. արի՛ քո քերականություն, ճարտասանություն, տրամաբանություն ծալի՛ր, ղրաղ դի՛ր ու մեկ աշըղ էլ դու դառ, ինչ կըլի-կըլի, խանչալիդ քարը հո վեր չի՛ ընկնիլ, զառ վարաղդ հո չի՛ գնալ: Մեկ օր էլ դու վեր կընկնիս, կմեռնիս, մեկ ողորմի ասող էլ չե՛ս ունենալ:

Մեկ բարիկենդանի՝ աշակերտներս՝ որ բաց թողի, սկսեցի՝ ինչ որ երեխությունիցս լսած, կամ տեսած բան գիտեի, տակ ու գլուխ անիլ: Վերջը իմ ջիվան Աղասին միտս ընկավ, նրա հետ հարիր քաջ Հայի տղերք էլ իրանց գլուխը բարձրացրին, ու ամենն էլ ուզում էին՝ որ իրանց ոտը