Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/321

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տակին զորանա, մեծանա, դարդերը մոռանա, ու էլ եդ իր առաջին փառքին հասնի։

Էս եկեղեցումը, էս քարերի տակին ու աղբրի մոտին քոլումը կուչ գանք, որ մեզ չբռնեն․ գիշերն էս ա հասել ա, օրդուն մեզանից մոտիկ ա, ու Թուրք ազգը ցերեկն էլ էս կողմովը չի անց կենում, որովհետև Քրիստոսի տաճարի թշնամի ա, ու անկաջ դնենք գիլանոց ոռնալուն, Պարսից գոռալուն, Հայոց լալուն ու սգալուն, ու էն անմեղ եսրների էրվելուն, ծեծվելուն, մխկտալուն, չունքի էստեղ պետք է նրանց աչք ու բերան բաց անեն՝ որ իրանց գարշելի երեսը տեսնին, իրանց ծնողաց երեսը, իրանց քաղցր հոր տունը մոռանան ու նրանց արինաթաթախ չանքերումը նրանք մրմնջան, սրանք փրփնջան, նրանք մղկտան, սրանք վխկտան, նրանք գլուխ ու երես ծեծեն, խորովվին, սրանք միրուք ու ճալվեր սղալեն փառավորին. նրանք[1], հեր, մեր, ախպեր ձեն տալով՝ դոշըները եդ ճոթռեն, նվաղին, սրանք իրանց իմամ Հուսենի անունը հիշելով՝ յա ծոցըներն ուզենան նրանց առնեն, յա դանակները, թրերը սրելով, նրանց սրտներին դեմ անեն՝ որ լռվին։

Ա՜խ, չէ՛, չէ՝ անկաջդ կա՛լ սիրելի՝ մարդի միսը սրսռում ա, գլխին կրակ ա վառվում։ Աստղերը դուս են էկել, պելացել, ցավակից լուսինը տխուր, դառնավարամ աչքը[2] հենց Ապարանու երեսին առավ, էլ եդ չոքըչոք արևմուտն ա փախչում, որ անկաջները կալնի, էս ողբալի աղաղակը չլսի, երկիրն իր սև սգի շորը հաքավ, աչքերը խփեց՝ որ էս դառն տեսարանը չտեսնի,— միմիայն անսիրտ, անշունչ, անգութ սարերը, փոր ու բերան բաց արած՝ չար հրեշտակ քամու ձեռովը՝[3] խաբար են իմանում, խաբար տալիս, ծիծաղելիս ծիծաղում, հրհռալիս, հրհռում, հառաչելիս՝ հառաչում, գոռալիս՝ գոռում, լալիս՝ լաց ըլում, խնդալիս՝ խնդում, ու մեկ րոպեում հազար տեսակ ձեն իրար հետ խառնում, ու ոչ մեկն էլ ա չի իմանում։

«Ջանի՛ ջան. ջանի ջան. ախպեր ջան, Աստված ջան․

Բաբա՛ ջան, հոգի՛ ջան․․․ վա՜յ, վա՜յ․․․ վա՜յ մեր օրին, արևին․․․

Վայ մեր ջրատար գլխին։— Ա՜խ, ի՞նչ կըլեր ձեր ձեռովը մեզ ջուրն ածեիք, ի՞նչ կըլեր մեզ չէիք ծնել․ ա՜խ, ընչի՞ չի մեզ էլ ձեր սրտի վրա մատաղ արին,[4] ընչի չի մեզ էլ ձեզ հետ զիմա զիմա տվին․ էս ո՞ւր են հասցրել մեզ, էս ի՞նչ տեղ բերել մեզ, գետինը չի՞ պատռվում, մեզ ներս առնում, երկնքի աչքը քոռացել, մեզ չի տեսնում, ա՜խ, ո՞ւմ ծոցից զրկվեցինք, ո՞ւմ ձեռն ընկանք, ա՜խ՝ տեր Աստված ընչի մեզ էսպես պատժեցիր։ Քեզ ի՞նչ էինք արել՝ որ մեր աչքը էսպես հանեցիր, ո՞ւմ մեկ վնաս տվինք, որ մեր գլխին քար քցեցիր։ Մեր հորն ու մորը, քիր ու ախպեր մատաղ արիր, ա՛խր մեզ էլ նրանց հետ մատաղ անեիր − ի՞նչ կըլեր։ Մութն էկել ա գետինն առել՝ նանի ջան, սար ու ձոր խավարել, մերը կորցրած փակվել ենք, հավի ճուտի պես ընկել ենք չոլն ու տափը, ո՛չ քուն ա աչքըներս գալիս, ո՛չ ղարար սիրտըներս, ախ քաշելիս՝ կրակ ա դուս գալիս լերդըներիցս։ Ո՞ւմ երեսին մտիկ անենք՝ որ մեր սուգը տեսնի, ո՞ւմ ճտովն ընկնինք՝ որ մեր արտասունքը սրբի, ո՞ւմ մոտ գնանք, որ մեզ գոգը դնի, մեր սիրտն առնի, մեր դարդն իմանա։ Քարերը անկաջ չունին՝ որ մեր

  1. [վա՜յ]
  2. [ցցել]
  3. [գալիս]
  4. [մեզ]