Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/412

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

56. Նախորդ բոլոր հրատարակությոսններում, բացառությամբ 1858 թ. հրատարակության, «ձեր շուչն իմ վզին» արտահայտությունը տպագրված է եղել «ձեր շունչն իմ վզին», որ միանգամայն անիմաստ է։ Հրատարակիչները չհասկանալով «շուչ» (մեղք) բառը, այն դարձրել են «շունչ», որով իմաստազրկել են այդ արտահայտությունը։

57. ԿՈՒՍԱԿԱԼԸ — խոսքը վերաբերում է Պասկևիչին։

58. Աբովյանը այստեղ ակնարկում է ծնողասեր աղջկա՝ Ֆեոդորայի պատմությունը, որը Սիբիրից ոտքով Մոսկվա է գալիս, Ալեքսանդր կայսեր անձամբ խնդրում է իր հորը, գեներալ Զուլիկովին աքսորից ազատելու մասին։ Ինչպես հայտնի է, Աբովյանը այս թեմայով 1841 թ․ գրել է «Ֆեոդորա, կամ որդիական սեր» դրաման։

59. Բացառությամբ «Վերք Հայաստանի» վեպի առաջին հրատարակության, մնացած բոլոր հրատարակությունների մեջ «հլա մի մտիկ արե՛ք» բառերով սկսվող, «մնացածը էգուց կգրեմ» բառերով վերջացող հատվածը տպագրվել է աղավաղված։

«Հլա մի մտիկ արե՛ք, տեսե՛ք, հորն ի՞նչպես ա խըտտել, տո էն ծերին նայեցեք, տեսե՛ք՝ աչքը ի՞նչպես ա որդու երեսը քցել ու երկու ձեռով, սի՛րտ՝ տրաքի, ճակատին խփում, սիրտ՝ էլ չեմ կարում տանել, ով ջիգյար ունի, ինքն իմանում ա. մնացածը էքուց կգրեմ»։

Այստեղ շփոթված են վեպի գործող անձի և հեղինակի իր բառերը։[1] Վեպի հրատարակիչները չեն կարողացել որոշակիորեն գտնել այն սահմանը, որտեղ վերջանում են հերոսի խոսքերը և սկսվում հեղինակինը։ Իսկ դա հետևանք է եղել այն բանի, որ հեղինակի կողմից հետագայում ինքնագրի վրա ավելացրած՝ «ու երկու ձեռքով ճակատին խփում» բառերը, որ կազմում են հերոսի խոսքերի շարունակությունը, համապատասխան նշանով չեն գրվել իրենց տեղում։ Նախ նրանք մնացել են չակերտներից դուրս, ապա, տեխնիկական անհարմարության պատճառով, հեղինակը անկարող է եղել նրանց տեղավորել հաջորդական կարգով, որպիսի դեպքում նման թյուրիմացություն տեղի չէր ունենա, այլ ստիպված «ճակատին խփում» բառերը տարել է հաջորդ տողը, որի հետևանքով և հերոսին պատկանող խոսքերը վերծանվել են իբրև հեղինակի խոսքեր։

Ինչպես տեսնում ենք, ինքնագիրը որոշ հիմք է տալիս այդպիսի շփոթության։ Այնուամենայնիվ, ինքնագրի ուշադիր ուսումնասիրության և իմաստին հետևելու դեպքում, վերոհիշյալ սխալից կարելի կլիներ խուսափել։

60. «Վերք Հայաստանի» վեպի սույն հավելվածը՝ «Զանգին» առաջին անգամ տպագրվել է 1860 թ․ «Կռունկ» ամսագրում։ Երկրորդ անգամ լույս է տեսել 1906 թ․ «Անահիտ» ամսագրում։ Այնուհետև փորձ է արվել «Զանգին» տպագրելու Աբովյանի երկերի 1897 թ․ լույս տեսած միհատորյակում, սակայն ցենզուրական արգելքի պատճառով այդ անհնարին է դարձել։ Դրա մասին մենք տեղեկանում ենք այդ հրատարակության առթիվ 1896 թ. Մկրտիչ Բարխուդարյանի և Վարդան Աբովյանի (հեղինակի որդու) միջև ծագած նամակագրությունից։

1896 թ. հոկտեմբերի 5-ի նամակում Վ. Աբովյանը Մ. Բարխուդարյանին գրում է. «Զանգի»–ի վերաբերմամբ ես բոլորովին զարմանում եմ թե՝ ինչո՞ւ քննիչը չէ թույլ տվել տպելու, քանի որ դա տպված է եղել առանձին գրքույքկով[2] և այն էլ խիստ գրաքննության միջոցին՝ Նիկողայոս կայսեր օրոք»[3]։ Թե ինչպես են պատկերացրել Աբովյանի երկերի հրատարակիչները այդ գործի տպագրությունը՝ արդյոք «Վերք»-ի հետ միասին, իբրև նրա անհրաժեշտ մասը, թե անջատ, մենք այդ չենք կարող ասել, սակայն մի բան պարզ է․ ինչպես նախասովետական բոլոր չորս հրատարակությունների ընթացքում, այնպես էլ մեր ժամանակ եղած նախորդ երկու հրատարակությունների միջոցին «Զանգի»–ն իբրև «Վերք»–ի հավելվածի կարևորություն չտալը կարծել է տալիս, որ նրա առնչությունը բուն վեպի հետ, որպես նրա անբաժան մասի, այնքան էլ խորը չի գիտակցվել։

  1. Վերջիններն ընդգծված են։
  2. Վ․ Աբովյանը սխալվում է գրելով թե՝ «Զանգին» տպված է եղել առանձին գրքույկով․ նման փաստ հայտնի չէ։ Ինչպես ասվեց, «Զանգին» տպագրվել է միմիայն մամուլում։
  3. Հայկական ՍՍՌ Գիտությունների Ակադեմիայի Մ․ Աբեղյանի անվան Գրականության Ինստիտուտի Գրական Թանգարան, Մ․ Բարխուդարյանի արխիվ, № 5։