Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հենց իմանաս՝ դժոխքն առաջին բաց էր էլել։ Հազար գլխանի դիվան ատամներ ղրճտացնում, զարհուրելի ձևով խնդում, ծիծաղում, ժնգժնգացնում, չանգերը սրում, հազրում, բոցն ու կրակը չաղ անում, որ նրան էրեն, խորովեն, կտրատեն, թիքա թիքա անեն իրանց փայ շինեն։ Հագար կպրե կարաս, հազար օձ, կարիճ՝ բերանները բաց, նրան ըլեին սպասում, որ քրքրեն, կուլ տան, մարսեն։ Դեռ աչքը էս սարսափելի քնիցը չբաց արած, է՛նպես էր երևում նրան, թե սարդարի ջալլաթները (դահիճ) կռները վեր քաշած, արինն աչքները կոխած, թրերը սրած՝ գալիս էին՝ որ իրան տանին։ Թոփչին թոփն էր սրբում, հազրում, գյուլլաչին գյուլլեն ջոկում, մոտ բերում։ Հեր, մեր, ազգական, երլու, անցվորական՝ հեռու տեղից գոռում, հարայ ըլեին տալիս, գլխըներին, ծնկներին խփում, ծեծվում, ջարդվում, իրան անունը տալիս ու սուգ ըլեին անում։

«Ա՛ղասի ջան՝ մեկ թուր էլ ինձ խփի, ինձ․․․ Վ՜այ իմ օրիս, արևիս, վա՜յ․․․ տունս բրիշակ էլավ․․․ բալա ջա՛ն․․․ հոգի ջա՛ն․․․ իմ երկի՛նք, իմ գետինք․․․ իմ հրեշտա՛կ․․․ վա՜յ... ամա՜ն... աչքս դուս էկավ... պտուղս խավարեցա՛վ... թող քո՛ ձեռն ինձ սպանի... ո՛րդի ջան... թող քո՛ ոտիդ տակին հոգիս տամ... ախպեր ջան՝ թող քո՛ ձեռիցը մահս առնիմ... ջա՛նըմ ջան... Սիպտակ մազս քեզ փիա՛նդազ, Ա՛ղասի ջան՝ քանի աչքումս լիս կա, քանի բերնումս շունչ, ոտդ բերնիս դի՛ր. թուրդ սիրտս խրի՛ր․ տո՛ւր ինձ մահ, տո՛ւր. թող գնա՛մ, կորչիմ. հետո ինչ կուզես, է՛ն արա, աչքիս լիսը հանի՛ր... ի՛մ երկնքի բարեբար որդի, ի՛մ սար... իմ Աստված»։− Է՛սպես էր մեկ ծեր մարդ ընկել Աղասու ոտքը, գլուխը գետնին ծեծում, մազերը ճպռում. ու վախտ վախտ Աղասու ոտներովը փաթաթվում։

Սի՛րելի կարդացողք․ էլ ի՞նչ ասիլ հարկավոր ա. դուք էլ իմանում եք, որ էս խեղճ, տարաբախտ հալևորը Աղասու ողորմելի հերն էր։ Հենց խաբար տանողը որ լեղապատառ, լեզուն կպած տուն չընկավ ու գլուխը ծեծելով ձեն չի տվեց․ «Տո ձեր տունը չքանդվի, գեղը կոխեցին, տարան. Աթոյենց աղջիկը քաշեցին. Աղասին արնի միջումը ծլծլում, ֆառաշները կրակ են քցել, խալխն էրում», ինչպես որ մեկ ամպի տրաքոց, կամ սաստիկ թոփի ձեն՝ մեկ ձորի խփում, քարափները դղրդում, թնդում, մարդի անկաջները խլանում, մի քիչ ժամանակ շշմում ա, ու գլուխդ սկսում ա դժժալ, պտիտ գալ, աչքերդ սևանում, մութ ու խավար քեզ կոխում, խելքդ թռչում, մնում ես քարի պես կանգնած, ոտքդ ու ձեռքդ թուլանում, ջանդ սրսռում, լեզուդ կպչում ա, էլ չես իմանում, թե ո՞ւր ես, երկրո՞ւմը, թե դժոխքումը, է՛ս հանքին Աղասու հոր ոսկերքը՝ սարսափեցան, է՛ս հանքին ուշ ու միտքը թռավ, մնաց սառած, փետացած ու աչքերը չռած՝ քցեց է՛ս կողմն, է՛ն կողմը։ Ծերությունը ջանն առած, մի ոտը հողի երեսին, մյուսը գերեզմանումը, աշխարքի վրա էն մեկ պտուղն ուներ, է՛ն մեկ զավակը։ Նրան մտիկ տալիս՝ հենց իմանում էր՝ թե աշխարքի թագավորն էլ ա ինքը, շահն էլ։ Նրան ջիրիդ խաղալիս տեսնելիս՝ հենց իմանում էլ՝ թե ոտը գետնիցը կտրվել ա, թև առել, թռչում։ Ծերությունն էլ էր մոռանում, մահն էլ, դժոխքն էլ, արքայությունն էլ։ Էնպես էր կարծում՝ թե նոր ա