Էջ:Խենթը.djvu/10

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մարմիններ․․․ Մեկը մինչև անգամ իրան թույլ տվեց ասել մի այսպիսի բարբարոսական սրախոսություն․
— Դա շա՜տ լավ է․․․ ջուրը կպարարտանա և ավելի ուժ կտա։
Ուրախացած զինվորների կատակները շուտով ընդհատվեցան։
Թնդանոթների խուլ որոտը կրկին լսելի եղավ հեռվից, և կրկին ռումբերը սկսեցին մռնչելով սլանալ բերդի վրայից։ Նրանցից մեկը ընկավ զինվորներից մի փոքր հեռու, և պայթելով տարածեց դեպի ամեն կողմ իր մահաբեր հարվածները․․․
Այդ միջոցին ամրոցի սենյակներից մեկի մեջ, ուր մի ժամանակ կենում էր օսմանցի բերդապահը, այժմ ռուս բերդապահը, Շտոկվիչը, մի քանի օֆիցերների հետ կազմել էին զինվորական խորհուրդ։ Խորհրդին մասնակցում էին հայ և թուրք միլիցիայի գլխավորները։ Փոքրիկ սեղանի վրա վառվում էր լամպա և աղոտ կերպով լուսավորում էր նրանց տխուր և բազմահոգ դեմքերը։
Վերջին օրերում անդադար նամակներ էին ստացվում թշնամի բանակից, որոնցմով հայտնում էին անձնատուր լինել։ Նամակները գրում էր ռուսաց հին ոխերիմ, երևելի Շամիլի որդի գեներալ-լեյտենանտ Շամիլը, որ այժմ թշնամու բանակի մեջն էր գտնվում և նորին մեծության սուլթանի սվիտայի համհարզ էր։ Վերջին նամակը լի էր սպառնալիքներով և խոստումներով։ Զինվորական խորհրդի առարկան այդ նամակն էր․ մտածում էին, թե ինչ պետք է պատասխանել։
— Անձնատուր չենք լինի,— խոսեց բերդապահը, — քանի որ դեռ կենդանի ենք։
— Եթե մի քանի օր ևս կտևե պաշարումը, մեզ անհնարին կլինի դիմանալ,— խոսեց մի օֆիցեր։
— Մեր դրությունը հենց այս օրից անտանելի է,— խոսեց մի ուրիշը,— ոչ ուտելու հաց ունենք և ոչ կռվելու պատրաստություն։ Չգիտեմ ինչո՞ւ այդ հիմար քրդերը միանգամով վրա չեն տալիս, ի՞նչով կարող ենք պաշտպանվել,— ավելացրեց նա մի փոքր վրդովված ձայնով։
— Այո՛․ շատ անխոհեմ վարվեցանք․․․— ասաց մի այլ օֆիցեր։
— Անցյալը ուղղել չենք կարող, խոսենք ներկայի վրա,— նկատեց բերդապահը, որ նախագահում էր խորհրդին, և զինվորական օրենքի համեմատ, պաշարման ժամանակ էր բոլորի բարձրագույն հրամանատարը, խիստ ընդարձակ իրավունքներով։
— Աձնատուր չենք լինի, քանի դեռ կենդանի ենք,— կրկնեց նա իր առաջին խոսքը։

78