Jump to content

Էջ:Խենթը.djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Տղերք,— ասաց նրանցից մեկը,— թուրքերին մի կաթիլ անգամ պետք չէ տալ․ հանաք բան չէ․ այս գիշեր մենք չորս հոգի կորցրինք այս մի տիկ ջրի համար, բայց նրանցից ոչ մեկը չուզեց բերդից դուրս գալ։
— Չէ՛, լավ բան չէ,— ասաց Պետրոսը,— պետք է նրանց էլ տալ։
— Ի՞նչ վատ բան է,— պատասխանեց առաջինը,— մի քանի օր առաջ նրանք էլ ջուր բերեցին, բայց գողի նման թաքցրին և իրանք միայն խմեցին։
— Նրանք վատ վարվեցան, բայց մենք պետք է ցույց տանք, թե ինչ բան է զինվորական եղբայրությունը։
Նրանք մտան զինվորանոցի բակը։
— Ջո՜ւր․․․ ջո՜ւր․․․— լսելի եղան ամեն կողմից ուրախության աղաղակներ, և բազմությունը հավաքվեցավ մեր երիտասարդների շուրջը։
Անկարելի է նկարագրել այն հոգեկան բերկրանքը, այն կատաղի ուրախությունը, որով այդ ծարավի բազմությունը դիմեց դեպի ջրի տիկը։ Բոլորը իրար խառնվեցան, և մինը մյուսի գլխովն էր ուզում թռչել, որ առաջ ինքը խմե։
— Մի ճրագ վառեցեք և մեզ մի խանգարեք, ամենքիդ բաժին կհասնի,— ասաց ջուր շալակող երիտասարդը և տիկը դրեց գետին։
Վառեցին մի ջահ, որի գունատ-կապտագույն լույսը տարածվեցավ խռովված, և ուրախությունից իրան կորցրած, բազմության վրա։
Հայ երիտասարդը առեց իր ձեռքը արաղի մի ամենափոքրիկ բաժակ և սկսեց նրանով բաժանել ջուրը։ Նա խիստ սաստիկ զզվելի հոտ ուներ, իսկ համը չափազանց անախորժ էր։ Մի քանիսը խմեցին և ոչինչ չնկատեցին։ Մեկը բացականչեց․
— Այդ ի՞նչ գույն ունի ջուրը։
— Խմի՛ր,— խոսեց Պետրոսը, որ այնտեղ կանգնած էր․— քրդերը հիմա ջուրը այսպես ներկած են տալիս մեզ․․․
— Ի՞նչպես ներկած․․․— ձայն տվեցին ամեն կողմից։
— Ներկում են մեր արյունով․․․ դուք մի տեսնեիք, թե քանի դիակներ էին ընկած այն աղբյուրի մեջ, որտեղից ես գողացա այդ ջուրը։
Բազմությունը սոսկաց, բայց դարձյալ ուշադրություն չդարձնելով, խմեց պղտոր կարմրագույն հեղուկը, որի մեջ թափված էր այնքան մարդկային արյուն․․․ որի մեջ լուծված էին այնքան մարդկային

77