Էջ:Խենթը.djvu/108

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խոսելու: Լալան տակավին խորին հափշտակության մեջ մտաբերու էր այն սոսկալի տեսիլքը, որ այնքան վախեցրեց նրան: Վարդանը մտածում էր, թե ի՞նչու այդ անմեղ, անփորձ աղջիկը աղաչում էր հեռացնել իրան հայրենի աշխարհից, ուր նա այնքան սիրված էր ընտանիքից. ի՞նչու ցանկանում էր նա մի ուրիշ, հեռու երկիր գնալ: Մի՞թե սերը. սիրած տղամարդի սերը ձգել էր նրան այս ցնորքների մեջ։ Բայց սերը դեռևս նրա համար մի անորոշ և մթին զգացմանք էր։ Երիտասարդը հարցրեց. — Ի՞նչով վատ է այդ երկիրը։ — Վատ է, շա՛տ վատ է,— պատասխանեց նա տխրությամբ լի ձայնով.– տեսնում ե՞ս այդ գերեզմանը։ Նա ցույց տվեց Սոնայի գերեզմանը։ — Գիտե՞ս ով է գրած նրա մեջ։ — Գիտեմ… — Գիտե՞ս ինչպես մեռավ նա։ — Գիտեմ… — Ես չեմ ուզում Սոնայի պես մեռնել, Վարդան, ես վախենում եմ թույնից… վախենում եմ գերեզմանից…

Կրկին խեղճ աղջկա աչքերը լցվեցան արտասուքով։

— Ինչո՞ւ ես կարծում, Լալա, թե դու էլ Սոնայի պես բախտ կունենաս,— հարցրեց երիտասարդը նրա ձեռքից բռնելով։— Այդ մի ցավալի դեպք էր որ ամեն աղջկա հետ չէ պատահում։ Ի՞նչու ես դու մտածում, որ միևնույնը կարող է և քեզ պատահել։

— Ես այդ միշտ մտածում էի… միշտ սպասում էի… հենց այն օրից, երբ սկսեցի հասկանալ թե ի՞նչու են ինձ տղայի հագուստով պահում… Այստեղ աղջիկ լինելը աստուծո պատիժն է… մի հանցանք է… մանավանդ սիրուն աղջիկ լինելը… Լսիր, Վարդան, ես մի ծանոթ աղջիկ ունեի, որին շատ սիրում էի, նա շատ լավ աղջիկ էր և մեր դրացին էր։ Մայրը ամեն օր ծեծում էր նրան, թե ի՞նչու նա սիրուն ծնվեց, թե ի՜նչու նա օրըստօրե գեղեցկանում էր, «Դու, ասում էր մայրը, մեր գլխին մի պատուհաս կբերես.և Նարգիսը լաց էր լինում. այդպես էր նրա անունը։ Մայրը չէր թողնում Նարգիսին, որ նա իր երեսը լվանա, որ մազերը սանդրե և միշտ պատառոտած հագուստով էր պահում։ Վերջը քրդերը տարան Նարգիսին։ Քանի օր առաջ ես տեսա նրան, ախ որքան տգեղացել էր… այժմ նա սիրուն չէր… Ասում էր, Ստեփանիկ, շաա վատ է քրդին կին լինելը… և լաց էր լինում…

176