Jump to content

Էջ:Խենթը.djvu/107

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ստացել ռամիկ ամբոխի մեջ, և նրա գերեզմանի մոտ շատ անգամ բերում էին հիվանդներ։ Ծերունի հոր պատվիրելով, նրա վրա ամեն կյուրակեմուտ գիշեր վառվում էր մի յուղային ճրագ։ Այս գիշեր ճրագը տակավին ծխրտում էր, պլպլում էր և լուսավորում էր գերեզմանի գաջով պատած սպիտակ մակերևույթը։ Լալան սարսափով նայում էր նրա վրա։ Քրոջ ցավալի պատմությունը նրա բորբոքված երևակայության մեջ իրականություն ստացավ։ Նա այժմ տեսնում էր գերեզմանի փոխարեն մի քրդի սև չադր, լեռների մի խուլ ձորի մեջ կազմված։ Նրա մեջ նստած էր Սոնան զարհուրելի հուսահատ դեմքով։ Նա իր ձեռքում բռնած ուներ թույնի բաժակը, մոտեցնում էր շրթունքին և ետ էր տանում։ Երկա՜ր նա մաքառում էր կյանքի և մահվան դեմ։ Ահա, մոտենում էր չադրին քուրդ ազնվականը՝ Սոնայի հափշտակողը։ Սոնան տեսավ նրան, կրկին մոտեցրեց իր շրթունքին թունալից բաժակը, խաչակնքեց և խմեց… Տեսարանը փոխվեցավ։

Լալայի աչքի առջև դրած էր դարձյալ Սոնայի սպիտակ գերեզմանը։ Այժմ նրա երևակայության մեջ պատկերացավ երկու ուրիշ անձինք։ Մեկը, Թոմաս էֆենդին իր խորամանկ և գարշելի դեմքով, մյուսը՝ քուրդ Ֆաթթահ-բեկը իր վայրենի և գազանային դեմքով։ Նա բոլոր մարմնով դողաց։ Արդյոք գիտե՞ր, արդյոք հայտնի էր նրան, թե ինչ փոս են փորում այդ երկու մարդիկը իր համար։ — Նա ոչինչ չգիտեր, նա միայն զգում էր…

— Չէ՛,— բացականչեց նա սոսկալի ձայնով,–– ես Սոնայի մոտ չեմ գնա, ես վախենում եմ գերեզմանից… Այդ միջոցին մի ձեռք հեզիկ կերպով գրվեցավ նրա ուսի վրա, և լսելի եղավ նրա անունը։

— Լալա… Օրիորդը ոչինչ չլսեց։

— Լալա՛…— կրկնվեցավ ձայնը,– ես չեմ թողնի , որ դու Սոնայի մոտ գնաս… ես կազատեմ քեզ… Նա ետ նայեց, տեսավ, իր մոտ կանգնած էր Վարդանը։

—Հա՛, ազատի՛ր ինձ… - խոսեց նա, դեռ առանց սթափվելու իր առաջին խռովությունից.– ազատի՛ր, տա՛ր մի ուրիշ երկիր, այստեղ վատ է… այստեղ շատ վատ է… Երիտասարդը նստեց նրա մոտ։ Նրանք մի քանի րոպե մնացին լուռ. խոսք չէին գտնում

175