— Իմ հայրը ասում էր, թե հողը պատրաստ չէ, — խոսեց Հայրապետը։ — Նա իսկապես խելացի մարդ է, նրա սրտում կան շատ ծածկված բարի խորհուրդներ։ Բայց նրա խելացի խրատները, նրա զգուշավորությունը հասնում է մինչև հանցավորության։ Նա իր համբերությամբ թմրեցրել է մեզ և պահել է քարացած անշարժության մեջ։ Մեր դրության մեջ, իմ կարծիքով, համարձակությունը, անձնավստահությունը և մինչև խենթության հասած հանդգնությունը ավելի գործ է կատարում, քան թե իմաստունների լուրջ ու խոհեմ մտածությունները։
— Այո, «մինչև խելացին կմտածե, խենթը գետից անց կկենա»… — պատասխանեց Վարդանը ծիծաղելով։
— Այդ շատ ճիշտ է, — նկատեց պարոն Դուդուկջյանը։— Խելացիների խելքը շատ անգամ խաբում է իրանց, և խաբվածները այն ժամանակ միայն հասկանում են՝ թե հիմարվել են, երբ գժերը իրանց գործը արդեն ավարտած են լինում… Մի ժամանակ Կ. Պոլսի մեր խելացիները մտածում էին, թե հայերի համար ավելի նպաստավոր է թուրքաց անկիրթ և անկարգ կառավարությունը, քան թե մի բարեկարգ և քաղաքակրթված կառավարություն։ Մտածում էին, թե մի քաղաքակրթված կառավարություն իր կուլտուրական բարձր զգացումով կարող էր կլանել և ոչնչացնել հայերին, մինչդեռ խելացի հայերը, օգուտ քաղելով թուրքի հիմարություններից, գոյության կռվի մեջ կարող էին մրցել նրա հետ, կարող էին հաղթող հանդիսանալ։ Այդ ենթադրությունը թեորիայի կետից ուղիղ է։ Բայց ամենաճիշտ փիլիսոփայական թեորիան երբեմն կյանքի փորձի մեջ հայտնվում է սխալ։ Պատմությունը իր առանձին զարտուղություններն ունի։ Եթե մի քաղաքակրթված մեծ ազգություն կարող է կլանել փոքր ազգությունները, նույնը կարող է կատարել և մի անքաղաքակիրթ մեծ ազգություն իր մանր հպատակ ազգությունների վերաբերությամբ։ Տարբերությունը միայն գործ գրած միջոցների և հնարների մեջն է, մեկը սպանում է բարբարոսական միջոցներով, մյուսը՝ կուլտուրայի միջոցներով։
— Ես ավելի պարզ կխոսեմ,— շարունակեց պարոն Դուդուկջյանը:— Մեզանից ոչ ոք մինչև այսօր չէր հասկացել թուրք կառավարության գաղտնի քաղաքագիտությունը հայերի վերաբերությամբ։ Մեզանից ամեն մեկը երեխայական կարճատեսությամբ կրկնում էր, թե «մեր ապագան Թուրքիայումն է»: Մենք նայում էինք կատարվող զեղծումների, անկարգությունների և բարբարոսությունների արտաքին մակերևույթի վրա, բայց թե ո՞րպիսի