Jump to content

Էջ:Խենթը.djvu/15

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կարած մի երկայն գդակ, որ վերջանում էր քառանկյունի ձևով, և յուրաքանչյուր անկյունից քարշ էին ընկած մի-մի փոքրիկ զանգակներ, որոնք նրա ամեն մի շարժմունքից զընգզընգում էին և աններդաշնակ ձայներ էին հանում։ Երեսը մրոտած էր կոշկաներկով, որի վրա զանազան ուղղությամբ քաշված էին զանազան գույներով գծեր,— կարմիր, դեղին, կապույտ և այլն։ Բացի գդակից, ամբողջ հագուստը մի կտորից էր բաղկացած․ դա զինվորի քրքրված մի վերարկու էր, որի մեջ փաթաթված էր նա բոլորովին մերկ մարմնով։ Մեջքը պնդած էր մի թոկի կտորով, որ գոտիի տեղ էր ծառայում։ Ոտքերը բոբիկ էին, ոտնամաններ չուներ։
— Ապա էշի նման մեկ զռա՛,— ասում էին նրան։
Խենթը մատերը կոխում էր ականջների մեջ, կռանում էր, բերանը լայն բաց էր անում և որքան ձայն ուներ, սկսում էր էշի նման զռալ։ Բազմությունը ծիծաղում էր և ամեն կողմից ձգում էին նրան պղնձե դրամներ։ Նա վեր էր առնում դրամները, զարմացած նայում էր նրանց վրա, և մի կողմ էր ձգում, ասելով, թե ինձ հաց տվեցեք։ Նրան տալիս էին հաց, առնում էր, և ահագին պատառներով բերանը դնելով, առանց ծամելու կուլ էր տալիս։
— Դու, երևի, արջի նման պարել ևս գիտես,— ասում էին նրան,— ապա՛ տեսնենք քո հունարը։
Խենթը սկսում էր զանազան անճոռնի շարժմունքներ անել, չորս թաթիկների վրա սողալ, ոտները բարձրացնել, ձեռքերի վրա կանգնել, և ուրիշ տեսակ-տեսակ հիմարություններ անել։
Մի ամբողջ օր խենթը մնաց քրդերի բանակի մեջ․ զվարճացնում էր բոլորին, խոսում էր քրդերեն, որպես մի քուրդ, հայհոյում էր, անիծում էր ռուսներին․ գոռում և գոչում էր, թե բոլոր «գյավուրներին» պետք է կոտորել։ Մինչև կես գիշեր նրա ձայնը ամեն կողմից լսելի էր լինում։ Բայց մյուս առավոտյան խենթին բանակի մեջ էլ ոչ ոք չտեսավ․․․

Գ

Միջօրեի արեգակը սաստիկ այրում էր, տոթը խեղդելու չափ անտանելի էր։ Օրվա այն ժամն էր, երբ ճանապարհները դատարկվում են ուղևորներից, և ամեն մարդ քաշվում է մի հովանավոր տեղ զովանալու և մի փոքր ազատ շունչ առնելու համար։ Նույն

83