Jump to content

Էջ:Խենթը.djvu/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ժամում Բայազեդից դեպի Ալաշկերտի կողմերը տանող ճանապարհով միայնակ գնում էր մի մարդ։ Ճանապարհը ոլոր-մոլոր պտույտներով անցնում էր լեռների միջով, և բարձրությունների անդադար ելևէջները սաստիկ դժվարացնում էին նրան։ Բայց ուղևորը, երևի, հոգնություն չէր զգում, թեև առանց երիվարի էր, թեև հետի էր գնում և հագին ոտնամաններ անգամ չուներ։ Նա գնում էր շտապ քայլերով, առանց կանգ առնելու, առանց իր շուրջը նայելու, կարծես թե մի սաստիկ պահանջ մղում էր նրան դեպի առաջ, կարծես թե ամեն մի կորցրած րոպեն նրա համար շատ թանկ լիներ։
Ուղևորը մի երիտասարդ էր, համարյա միևնույն կերպարանքով, որպես հագնված էր նախընթաց գիշերում խենթը։ Միևնույն քրքրված զինվորի վերարկուն ծածկում էր նրա բոլորովին մերկ անդամները, միևնույն թոկի կտորով պնդած ուներ իր մեջքը։ Միայն պակաս էր բոժոժներով զարդարած թաղկյա գդակը, և կոշկաներկով սևացրած դեմքը, որի վրա այժմ գույնզգույն գծեր չէին երևում։ Նրա գլուխը, արեգակի կիզող ճառագայթներից պահպանվելու համար, այժմ ծածկված էր բոլորովին թարմ, և դեռ տերևները չթառամած պրտուներից հյուսած գլխարկով, որի նմանը իրանց ձեռքով հյուսելով, կրում են մշակները ամառը խոտ հնձելու ժամանակ։ Այդ նահապետական պարզ գլխարկը հովանավորում էր նրա այրական, բայց նույն ժամուն տխուր դեմքը, որի վրա նկարված էր խորին հուսահատություն, խառնված ներքին վրդովմունքի հետ․․․ թեև իր օտարոտի հագուստի մեջ անգամ նա երևում էր խիստ տարապայման մի բնավորություն։
Նրա ականջներին զարկեց մի ձայն, որ ավելի նման էր ձիու խրխնջալու ձայնին։ Նա կանգնեց և ուշադրությամբ սկսեց նայել իր շուրջը։ Ձայնը կրկնվեցավ։ Նա ստուգեց, որ ձայնը լսվում էր մերձակա ձորից, և րոպեական մտածությունից հետո իր քայլերը ուղղեց դեպի այն կողմը, որ շեղվում էր ուղիղ ճանապարհից։ Փոքր ինչ առաջ գնալուց հետո, նա բարձրացավ մի բլուրի վրա, և արծվի սրատեսությամբ սկսեց դիտել ձորի խորքը։ Այնտեղ շռայլաբար աճել էին զանազան տեսակ խոտաբույսեր, որոնց մեջ արածում էր մի թամքած ձի․ երևում էին մի խումբ թուփեր, և ուրիշ ոչինչ։ Ուղևորն ավելի ուշադրությամբ նայելով, նկատեց, որ թուփերի մոտ ցցված էր մի երկայն նիզակ, որի ծայրը փայլում էր արեգակի ճառագայթներից։ «Ուրեմն այստեղ մարդ կա,— մտածեց նա,— և այդ մարդը մենակ պիտի լինի, որովհետև արածող

84