Jump to content

Էջ:Խենթը.djvu/152

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և եթե մի սայլ վնասվում էր, իրանք տերերն էին շինել տալիս, բայց էֆենդին այս խոսքերը ասելու մեջ մի առանձին նպատակ ուներ։ Աղքատ արհեստավորի կինը, Սուսանը, լսելով էֆենդու խոստմունքները, ուրախացավ, մտածեց թե այդ հյուրից մեծ շահեր կարող են ստանալ, թեև նրա ինքնակոչ հյուր լինելը, սկզբում այնքան ծանր և անախորժ երևեցավ իրեն։ Պետք էր մի հույսով քաղցրացնել միամիտ տանտիկնոջ սիրտը, այդ էր հարկավոր էֆենդուն։

Էֆենդին միայն նստած էր։ Դրացի Օհոն դեռ ոտքի վրա սպասում էր, որ նրանից թույլտվություն ստանա, որ ինքն էլ նստե։ Այդ շնորհը ստացավ նա։ Գզիրը ոտքի վրա մնաց, սպասավորություն էր անում, որովհետև արհեստավորի տանը ոչ ծառա կար և ոչ չափահաս տղա. նա մի քանի աշակերտներ ուներ, որոնց իր հետ էր տարել։ Տանտիկինը և արհեստավորի քույրը չէին երևում, նրանք առանձնացել էին խրճիթի մի կողմում, որ բաժանված էր հյուրի նստած տեղից ցած տախտակապատով, որի վերին մասը չէր հասնում առաստաղին և ծառայում էր որպես շիրմա։

Բայց նրանք պետք է իրանց հարգանքը հայտնեին պատվելի հյուրին, այս պատճառով երկուսն էլ, թե Սուսանը և թե Վառվառեն դուրս եկան իրանց թաքստի տեղից, դիմեցին էֆենդուն, և ձեռքերը սրտերի վրա դնելով, հեռվից լուռ գլուխ տվեցին։ Այդ նշան էր թե «բարով եք եկել»։

— Շատ ապրիք,— ասաց էֆենդին, մի կողմնակի հայացք ձգելով նրանց վրա։ Տան տիկնոջ երեսը ծածկված էր քողով, իսկ մանկահասակ աղջկանը բաց էր։ Նրանք կրկին հեռացան և սկսեցին ընթրիքի սեղանը պատրաստել։ Փոքրիկ խրճիթի մեջ տիրում էր խորին լռություն. ոչ ոք չէր խոսում, բոլորը սպասում էին, որ էֆենդին խոսե։

— Դու այժմ ինչո՞վ ես պարապվում,— հարցրեց նա դրացի Օհոյից։

— Անգործ եմ, աղա, — պատասխանեց Օհոն ծոծրակը քորելով, — աստված ինձ պատժեց, մի տարվա մեջ մի քանի անբախտություններ պատահեցան. մեծ որդիս «քո չարը տարավ»… անասուններս «քեզ մատաղ դարձան»… հիմա արորս էլ չէ բանում… մնացել եմ անգործ։

— Ափսոս, շատ ափսո՛ս, — ասաց էֆենդին ցավակցելով.— դու լավ մարդ ես, Օհո, ես քեզ ճանաչում եմ, ես չեմ թողնի, որ

220