մի քանի ընկերները զանազան տեղերում կալանավորված էին: Այժմ այդ մուկիկն էլ ընկավ որոգայթի մեջ։ — Թոմաս էֆենդին ամեն ինչ պատմեց, բայց չհայտնեց, թե ինքն էր մատնել պարոն Սալմանին։ Նա կրկին դարձավ դեպի ծերունին։ — Այժմ նոր առակ լուարուք,— ասաց խիստ դառն ժպիտով, կարծես, աշխատում էր ավելի խոր խոցել ողորմելի ծերունու սիրտը։— Շուտով զափթիաները կգան քո տան մեջ խուզարկություն անելու, ես, որպես բարեկամ, եկա քեզ նախապես զգուշացնելու համար։
Նա մի առանձին կերպով շեշտեց բարեկամ բառը: Այսուամենայնիվ, զափթիաների և խուզարկության անունը լսելով, ծերուհին բոլորովին զարհուրեցավ։
— Դեռևս ազատվելու ժամանակ կա,— շարունակեց էֆենդին ավելի սառն կերպով.– դու ինձ միայն այն ասա՛, նրանից խո մի բան չի մնացել քո տան մեջ։ Որքան սարսափելի լիներ հաղորդած լուրը, ծերունին դարձյալ փոքր ինչ հանգստացավ, երբ նկատեց, որ էֆենդու նման «բարեկամը» մի այսպիսի վտանգավոր րոպեում օգնության ձեռք էր մեկնում իրան։
— Մի խուրջին է մնացել, — պատասխանեց նա երկչոտությամբ իր շուրջը նայելով, մի գուցե մի ուրիշը լսե նրա ձայնը։
— Հիմա եկ, այդ էշը ցեխիցը դուրս հան… — խոսեց էֆենդին ինքն իրան։—Մի խուրջին է մնացե՞լ… դա քիչ բան չէ… Նա դարձավ դեպի ծերունին, իր սատանայական շիլ աչքերը լայն բացելով։
— Մի րոպեն անգամ թանկ է մեզ համար, շտապիր, գնանք, թաքցնենք այդ խուրջինը, քանի որ դեռ չեն հայտնվել զափթիաները։ Ծերունին բոլորովին հավատալով էֆենդու անկեղծությանը, տարավ նրան օդան, և ցույց տվեց պարոն Սալմանի այնտեղ պահված ճանապարհորդական խուրջինը։
— Դռներր կողպեցեք, — պատվիրեց էֆենդին, և ինքը բաց անելով խուրջինը, սկսեց քրքրել նրա մեջ եղած իրեղենները։
Նրա մեջ կային զանազան հանձնարարական նամակներ այլևայլ հասցեներով, կային զանազան մարդկանց անունով փոխանագրեր, որոնցմով պարոն Սալմանը կարող էր հարկավոր ժամանակ փող ստանալ, կային զանազան հրահանգներ, ծրագրեր և
227