Jump to content

Էջ:Խենթը.djvu/160

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այլն, կային և մի քանի տետրակներ, որ երիտասարդ պրոպագանդիստը բաժանում էր գյուղացիներին, մի խոսքով, բացի թղթերի ուրիշ ոչինչ չկար։ Էֆենդին խորին ուշադրությամբ քննում էր բոլորը և խորհրդավոր կերպով շարժում էր իր գլուխը։

— Եթե իշխանության ձեռքր ընկնելու լինեն,— ասաց նա այդ թղթերից մեկր բավական է, որ քեզ, տանուտեր Խաչո, քո որդիների հետ կախաղան բարձրացնեն, իսկ քո բոլոր հարստությունը հարքունիս գրավեն։ Ծերունին քարացած մնաց և ոչինչ պատասխանել չկարողացավ: Վերջին խոսքերը ձգեցին նրան մի տեսակ մտավոր անզգայության մեջ։

— Այդ բոլորը պետք է այրել, — ասաց էֆենդին և կրկին թղթերը լցրեց խուրջինի մեջ։

— Ես ոչինչ չեմ հասկանում, իմ գլխում խելք չէ մնացել,— պատասխանեց ծերունին դողդոջուն ձայնով, և նրա շիջած աչքերը լցվեցան արտասուքով։

Հանկարծ միտքը փոխեց էֆենդին. «Ի՞նչու այրել, մտածում էր նա. պետք է լավ քննել այդ թղթերը. դրանք ինձ պետք կգան ի՞նչու ոչնչացնել»։

Նա հարցրեց ծերունաց,

— Այս տան մեջ կա՞ մի այնպիսի գաղտնի տեղ, ուր կարելի լիներ աո ժամանակ թաքցնել այդ խուրջինը։

— Կա,—պատասխանեց ծերունին։

Նրա տան մեջ կային մի քանի գաղտնի պահարաններ, որոնց մեջ վտանգի ժամանակ թաքցնում էին տան թանկագին իրեղենները։ Որովհետև վտանգր այս երկրում միշտ անպակաս էր, այս պատճառով պահարաններից մի քանիսր լիքն էին, և մեկը միայն մնացել էր դատարկ, որ կարելի էր ցույց տալ էֆենդուն։

Նրանք վեր առեցին չարագուշակ խուրջինը և դիմեցին ներքնատուն, որ ծառայում էր ձեթ, յուղ, գինի և ուրիշ այսպիսի մթերքներ պահելու համար։ Ներքնաստան հատակը պատած էր սալերով։ Ծերունին մոտեցավ և բարձրացրեց այդ սալերից երկուսը. նրանց տակում հայտնվեցավ երկաթի փոքրիկ դուռ, որ հորիզոնական դիրքով փակում էր գաղտնի պահարանի մուտքը։ Ծերունին հանեց իր գրպանից մի բանալի, դրեց իր պատշաճավոր տեղում, մի քանի անգամ պտացրուց, և երկաթի դուռը ինքն իրան բարձրացավ: Այժմ նրանց առջև բաց էր ստորերկրյա վիրապի բերանը: Նեղ սանդուղքներով նրանք իջան ցած:

228