Վիրապի մթին դատարկության մեջ ոչինչ չէր կարելի տեսնել։ Խոնավ օդը խեղդելու չափ ծանր էր։ Խուրջինը դնելով այնտեղ, նրանք շուտով դուրս եկան։ Ծերունին կրկին կողպեց երկաթի դուռը, կրկին սալերը դրեց իրանց առաջվա տեղում, և այժմ դժվար էր նկատել, որ նրանց տակում կար մի ստորերկրյա պահարան։
— Տուր ինձ բանալին,— ասաց էֆենդին,— ես կպահեմ։ Այժմ դու ինձնից ավելի հավատարիմ մարդ չունես։ Ծերունին առանց երկար մտածելու բանալին տվեց նրան։ Երկյուղը այն աստիճան պաշարել էր նրան, որ ամեն առաջարկություն էֆենդու կողմից պատրաստ էր ընդունելու։
— Ես շատ բաներ ունեմ քեզ հետ խոսելու, տանուտեր Խաչո, բայց ժամանակը կարճ է, գուցե շուտով կհայտնվեն խուզարկուները,— ասաց նա շտապելով։— Առայժմ մի քանի խրատներ կտամ քեզ, լսիր. ոչ ոք չպիտի գիտենա, որ ես քեզ հետ տեսնվել եմ. մեր բոլոր կարգադրությունները պետք է գաղտնի մնան մինչև անգամ քո որդիներից և քո բոլոր տանեցիներից։ Երբ կհայտնվեն խուզարկուները, դու աշխատիր, որքան կարելի է, աներկյուղ, անվրդով և միամիտ ձևանալ։ Թող որտեղ ուզում են պտռեն, ման գան, վտանգավոր բանը մենք արդեն թաքցրինք ինքը սատանան էլ չի կարող գտնել։ Մի ուրացիր, թե այն «դուդուկ փչողը» քո տանը եղել է, միայն ասա, որ դու նրան չես ճանաչում, և նրա ինչ նպատակով այս կողմերում թափառելը ոչ քեզ և ոչ քո որդիներին հայտնի չէ։ Վերջացնելով իր պատվերները, էֆենդին դուրս եկավ ներքնատնից։
— Հիմա ցույց տվեցեք ինձ մի ուրիշ ճանապարհ, որ ես հեռանամ,— ասաց նա իր շուրջը նայելով։ — Ես պետք է աշխատեմ, որ ինձ չտեսնեն այստեղից դուրս գալու ժամանակ։ Ծերունին տարավ նրան դեպի տան ետևի դուռը, որ ծառայում էր անասունների երթևեկության համար:
— Այժմ մնացեք բարյավ, ես կրկին կվերադառնամ, երբ խուզարկուները եկած և իրանց գործողությունները վերջացրած կլինեն: Ես նրանց մի կերպով կհանգստացնեմ, միամիտ կաց։ Էֆենդին հեռացավ։ Ճանապարհին նա մի քանի անգամ կրկնեց իր մտքում այդ խոսքերը. «Հիմա հոգիդ իմ ձեռքումս է, տանուտեր Խաչո, ինչ որ ուզեմ կանեմ»…
Կեսօրից մի ժամ անցել էր։ Վարդանը, Հայրապետը և Ապոն տակավին չէին վերադարձել: Ծերունու մյուս որդիները դաշտումը
229