Էջ:Խենթը.djvu/178

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ընդունել եմ իմ տան մեջ մի հյուր, որը բողոքում էր, թե գյուղացու աշխատանքը, գյուղացու սեփականությունը պետք է ապահովված լինի։ Ինձ պատժում են, թե ինչո՞ւ ես օթևան տվեցի մի այսպիսի մարդուն, որ բռնության, անխիղճ հարստահարության և գազանային անգթության հակառակն էր խոսում։ Որ քարոզում էր մեզ, թե պետք է աշխատենք մեր պապերից մնացած հողի տերը լինել, թե մենք ինքներս պետք է կառավարենք մեր գործերը, թե պետք է աշխատենք թոթափել օտարի լուծը... Ով է մտցնում մեր մեջ այդ մտածությունները, եթե ոչ ինքը՝ բռնությունը։ Եթե մեզ հանգիստ թողնեին, եթե մեր ընտանիքը չանպատվեին, եթե մեր վաստակը մեր ձեռքից չխլեին, եթե մեզ հետ մարդու նման վարվեին և անասունի պես չտանջեին, այն ժամանակ մենք գոհ կլինեինք։ «Ազատասիրության հայրը, — ասում էր երիտասարդը,—բռնությանն է, իսկ մայրը՝ անիրավությունը»։ Ես հիմա եմ հասկանում այդ խոսքերի միտքը։ Բռնակալը ինքն է պատրաստում իր համար թշնամիներ... Եթե թուրքը այսպես չվարվեր մեզ հետ, մենք մինչև անգամ կսիրեինք նրան, թող նա մեր մսից և արյունից չլիներ։

Այսպես մտածում էր ծերունին և նրա սիրտը ծովի ալեկոծության նման տակնուվրա էր լինում։ Բայց ի՞նչ կարող էր անել ուժաթափ առյուծը այնքան գայլերին։ Նա զգում էր իր վիճակի դառնությունը և հնարների մասին հոգալու համարձակություն չուներ։ «Մի ձեռքը ծափ չէ տալիս»,— կրկնում էր նա հայտնի առածը։— Եթե մեր բոլոր գյուղացիները այսպես մտածեին, այն ժամանակ մեզ մի ճար կլիներ։ Այս հոգեկան խռովության մեջ գտավ ծերունուն Թոմաս էֆենդին, և լիրբը կամենալով նրա սիրտը ավելի խոր խոցել, հեռվից ասաց.

— Բանը վատ է գնում, շա՛տ վատ, տանուտեր Խաչո. «Էշը այնպես չի խրվել, որ կարելի լիներ ցեխիցը հանել»..

Ծերունին չլսեց նրա խոսքերը, միայն հեռվից տեսնելով, կանգնեց ոտքի վրա։

— Նստիր,— ասաց էֆենդին, ձեռքը բարեկամաբար նրա ուսի վրա դնելով,— ես էլ քեզ մոտ կնստեմ, դրանից լավ տեղ չենք գտնի խոսելու համար։— Նրանք նստեցին միմյանց մոտ մի կտոր կապերտի վրա, որ ծառայում էր որպես օթոց։

— Այդ մարդիկը ե՞րբ պիտի գնան,— հարցրեց ծերունին, ձեռքը պարզելով դեպի զինվորները, որոնք դեռ չէին դադարել իրանց անիրավ վարմունքից։

246