Jump to content

Էջ:Խենթը.djvu/186

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կանչված էր. «չալկիները» ածում էին, աղջիկները պար էին գալիս, շատ կերան,շատ խմեցին և շատ ուրախություններ արեցին, և վերջացրեց իր պատմությունը այս խոսքերով։

— Աստված վկա, շատ լավ մարդ է այդ Թոմաս էֆենդին, այնքան արաղ բերել տվեց, որ կարելի էր լողանալ մեջը։


— Եվ ձեր ամենիդ հարբեցրուց, այնպես չէ՞,— հարցրեց Վարդանը։

— Հեր օրհնած, այնքան խմելուց հետո ո՞վ չի հարբի,— պաաասխանեց Օհոն ծիծաղելով,— քեֆն էլ հարբելու մեջն է։

— Տան տերը տա՞նն էր։

— Ես էի տան տիրոջ տեղը բռնել։

— Բայց դու հարբելուց հետո էֆենդին բռնեց քո տեղը... այնպես չէ՞ ։

— Ես ոչինչ չհասկացա, ինձ շալակած մեր տունն էին բերել: Թողնելով Օհոյին, նրանք հեռացան։ Ճանապարհին Վարդանը ասաց Հայրապետին.

— Ես այժմ հասկանում եմ, թե այն խեղճ աղջիկը ի՞նչ պատճառով էր իրան խեղդում...

— Իսկ ես իմանում եմ, թե ո՛վ պետք է մատնած լինի պարոն Սալմանին...—խոսեց Հայրապետը։

— Կասկած չկա,— խոսեց Վարդանը,— որ Թոմաս էֆենդին մատնած կլինի։ Նա այն աստիճան խորամանկ մարդ է, որ անկարելի է նկատած չլիներ պարոն Սալմանի դիտավորությունները, և թուրք կառավարությանը մի ծառայություն անելու մտքով, նրան մատնած չլիներ։ Եվ գիշերը ինքն ևս այս գյուղում գտնվելով, շատ հասկանալի է որ նրան բռնել տված կլիներ։ Եթե մենք ճանաչում ենք էֆենդու հոգին, այս բոլորը այնպիսի ճշմարտություններ են, որ տարակուսելու պատճառ չկա։

Երեք ընկերների մեջ տիրեց լռություն։ Նրանք բավական դանդաղ քայլերով շարունակում էին ճանապարհը։ Յուրաքանչյուրը կենտրոնացած էր իր մեջ և մտածում էր, թե ինչ հնարքով կարելի էր երիտասարդի կյանքը ազատել։

— Բոլորը ինչ որ ասացիր ուղիղ է, Վարդան, - ընդհատեց Հայրապետը տիրող լռությունը,— հիմա ի՞նչ պետք է անել։

— Ես բավական ծանոթ եմ թուրք աստիճանավորների թույլ կողմերի հետ, թե որքան անհոգ են, որքան անճիշտ են, և որքան զանցառու են իրանց պարտականությունների մեջ,— պատասխանեց Վարդանը։— Եվ այս պատճառով, մտածում եմ, որ ինձ շատ հեշտ

254