կլինի ազատել պարոն Սալմանին։ Ես ունեմ երկու ծառաներ, որոնց քաջությունը ձեզ լավ հայտնի է, մեր ձիաները պատրաստ են. հենց այս գիշեր կնստենք և կգնանք ուր և արած լինեն, մենք կարող ենք գտնել նրան, և եթե ուրիշ միջոցով հնար չլինի ազատել, գործ կդնենք մեր ուժը, թուրք պահպանների երկչոտությունը ինձ վաղուց հայտնի է։
— Մենք էլ պատրաստ, ենք քեզ հետ գալ,— պատասխանեցին Հայրապետը և Ապոն։— Մենք չենք թողնի, որ դու մենակ գնաս:
— Ձեզ ինձ հետ գալը ոչ միայն ավելորդ է, այլ մինչև անգամ վտանգավոր է,—պատասխանեց Վարդանը: Եվ հիշելով չարչու խոսքերը, մտածեց փոքր ինչ սպասել նրան, և ասաց իր ընկերներին.— Նստենք այստեղ, այսպես շտապ գնալով, դժվար է խոսել կամ մտածել։ Կարծես, նա հոգնած էր, կարծես, վիշտը և տխրությունը ճնչել էին նրան իրանց ծանրության ներքո։ Եվ նրա սրտի մեջ հուզվում էր մի տեսակ ալեկոծություն, որ սկսել էր փոքր առ վաքր սաստկանալ...
Նրանք դուրս եկան ճանապարհից, քաշվեցան մի կողմը և նստեցին մի տաղավարի մեջ, որ շինված էր սեխանոցի մոտ։ Մշակներից ոչ ոք այնտեղ չէր մնացել սեխանոցը պահպանելու համար, որովհետև դեռ պտուղը հասած չէր և գողերից երկյուղ չկար։ Երկրագործի տաղավարը մի լավ մենարան է հոգնած ճանապարհորդի համար. այնտեղ կգտնե նա պատսպարան թե՛ ցերեկվա տոթի դեմ և թե՛ հորդ անձրևների դեմ, որ այս կողմերում շատ են պատահում։
Գիշերը բավական պարզ էր, թեև լուսին չկար։ Հեռվից նշմարվում էին ... գյուղի խրճիթների ճրագներր և երբեմն լսելի էին լինում շների խուլ, զգուշարար ձայները։
Վարդանը շարունակեց ընդհատված խոսակցությունը։ Նա կրկնեց, թե պետք է ամեն հնարք գործ դնել պարոն Սալմանին իր կալանավորությունից ազատելու համար, որ անպատճառ կվերջանա մահվան պատիժով։ Բայց ինքը Հայրապետի և Ապոյի այս գործում մասնակցելը վտանգավոր է համարում գլխավորապես այն պատճառով, որ մի այսպիսի ձեռնարկություն կարող էր կամ հաջողվել և կամ չհաջողվել.— երկու դեպքում ևս Հայրապետը և Ապոն ազատ չէին մնալու թուրքերի վրեժխնդրությունից։ Որովհետև այս գործը, ասաց նա, գուցե առանց արյան և առանց կռվի չի վերջանա, գուցե սպանություններ կլինեն, և եթե Հայրապետը
255