և Ապոն մասնակցեցին այն ժամանակ որպես տեղացիներ, անպատիժ չեն մնա, և բացի իրանցից կպատժվեն այլև նրանց ազգականները և ծերունի Խաչոյի ամբողջ ընտանիքը: Բայց իր, Վարդանի համար այսպիսի երկյուղներ չկան: Ինքը, որպես ուրիշ տերության հպատակ, որպես օտարական, կարող է իր դիտավորությունները կատարել և այնուհետև թողնել ու հեռանալ այս երկրից. նրան ոչ ոք չէ կարող գտնել, մանավանդ պատերազմական այս խառը ժամանակներում:
Լսելով Վարդանին, որպես զանազան հանդուգն ձեռնարկությունների մեջ փորձված մարդու, երկար բացատրությունները, Հայրապետը և Ապոն պատասխանեցին.
— Մենք մեր հագուստները կփոխենք և ոչ ոք չէ կարող ճանաչել մեզ:
— Միևնույն է, ինչ որ անելու լինեք, դարձյալ կհայտնվի: Այստեղ պակաս չեն Թոմաս էֆենդու նման մարդիկ, որ ձեզ մատնեն: Այստեղի հայերը, եթե մի առիթով կարող են շահել թուրքի համակրությունը, չեն խնայի, թեև նրանով վնասելու ևս լինեն իրենց ազգայիններին: Հայը, ավելի քան օտարները, ինքն է իր թշնամին... Վերջին խոսքերը արտասանեց նա խորին վրդովմունքով: Այն օրվա անցքերի տխուր տպավորությունները սաստիկ գրգռել էին նրա ջղերը: Մի կողմից իր հարգված երիտասարդի կալանավորությունը, մյուս կողմից ժողովրդի անտարբեր սառնասրտությունը, մի կողմից թշվառ Վառվառեի անցքը, մյուս կողմից Թոմաս էֆենդու չարագործությունները, սաստիկ զայրացրել էին նրա սիրտը, թեև այդ գարշելի մարդու ծերունի Խաչոյի տան մեջ կատարած վերջին ավուր բանսարկությունները նրան դեռ հայտնի չէին: Այդ մտատանջությունների և համոզմունքի մեջ նա համարյա մոռացել էր Լալային, այն նազելի էակին, որ նրա սրտում առաջին տեղն էր բռնում: Հանկարծ աղջկա տխուր և աղաչավոր պատկերը երևեցավ նրան, և կարծես, ասում լիներ, «Ո՞ւր ես գնում. ինձ ի՞նչու ես թողնում. գնում ես ազատելո՞ւ քո սիրած ընկերի կյանքը. ես էլ քո սիրելին եմ. ախար դու ինձ խոսք տվեցիր, որ կտանես, կհեռացնես այս երկրից. ախար այստեղ վատ է. ես վախենում եմ, շատ եմ վախենում քրդերից...»
Վարդանի սրտում ծագեց զգացմունքների մի սաստիկ պատերազմ: Երկու էակներ կանգնած էին նրա առջև. մեկը՝ սիրած աղջիկը,
526