Jump to content

Էջ:Խենթը.djvu/201

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վաստակելու, վերադարձավ իր հայրենիքը: Այստեղ ապրուստի մի ուրիշ միջոց չգտնելով, տերտեր դարձավ։ Այն գիշեր քահանայի տանը հրավիրված էր և գյուղի մանկավարժը, երևելի տիրացու Սիմոնը, որ տեր հոր փեսան էր։ Այդ մարդը մեծ կարծիք ուներ իր գիտության վրա (գյուղացիներն ևս նույն կարծիքն ունեին նրա մասին) և առավելապես հպարտանում էր նրանով, որ տեր հոր փեսան էր։ Խոսակցության առարկան այն օր ծերունի Խաչոյի տան մեջ պատահած անցքերն էին, որ մեծ սարսափ էին գցել բոլոր գյուղացիների վրա, առավելապես անհանգստացնում էին տեր հորը։

— «Էշը կդատի, ձին կուտի», տեր հայր,– շարունակեց էֆենդին ընդհատված խոսակցությունը,— աշխարհի կարգը միշտ այդպես է եղել և այդպես էլ կշարունակվի։ Այն որ աստված է կարգադրել, մարդը չի կարող փոխել։ Աստված մեկին աղա է ստեղծել, մյուսին մշակ։ Մեկը կդատե, մյուսը կուտե։ Հայր սովորել է աշխատանքին, քուրդը և թուրքը սովորել են ուտելուն։ Եթե աշխատողը չլինի, ուտողը չէ կարող ապրել։ Եթե ուտողը չլինի, աշխատողը չէ կարող ապրել։ Թուրքերը մեզ պահում են իրանց սրով, մենք էլ պետք է պահ ենք նրանց մեր աշխատանքով։ Աստված թուրքի ձեռքում սուր է տվել, իսկ հայի ձեռքում — բահ։ Մեկը մյուսի տեղը չի կարող բռնել։

— Այդ իրավ է,— պատասխանեց քահանան, երեսը խաչակնքելով,— տերն մեր Հիսուս Քրիստոս սուրբ Ավետարանի մեջ հենց այդպես է ասում, որ առանց աստուծո կամքին տերևն էլ ծառից ցած չէ ընկնում. առանց նրա կամքին մի մազ էլ մարդու գլխի վրա չէ սպիտակում. բոլորը նրա ձեռքումն է։

— Այդպես է, ճշմարիտ է— հաստատեց և տիրացու Սիմոնը, նույնպես երեսը խաչակնքելով։

Հետո նրանք սկսեցին խոսել գյուղացիների, պատերազմի պատճառով ավելի սաստկացած, հարստահարությունների վրա։ Տերտերը, բոլորին իր անձնական շահերի կետից նայելով կատարվող հափշտակությունների վբա, գանգատվում էր, ասելով, թե կառավարության հարկերը այն աստիճան ծանրացել են, որ բոլորովին սպառում են գյուղացիների արդյունաբերությունը, և եթե մի բան մնում է, այն էլ քրդերն են տանում, այդ պատճառով ինքը շատ վատ է վարձատրվում, շատ անգամ պսակ, մկրտություն և թաղում է կատարում, առանց մի փարա ստանալու։ Գյուղացիները խոստանում են, թե հետո կվճարեն, բայց կամ չեն

269